Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները 3 մեդալ են նվաճել բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունում
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությանը Գեղարքունիքի մարզից մասնակցել են 9 մարզիկներ, որոնցից 3-ը տուն են վերադարձել մեդալներով։
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Սարգսյանը, մարզի հավաքականն այդ ստուգատեսում նվաճել է 1 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ։
Ոսկե մեդալ է նվաճել Մարտունու մարզադպրոցի սան, 63 կիլոգրամ քաշային Լիլիթ Ասատրյանը։
Արծաթե մեդալ է նվաճել Ճամբարակի մարզադպրոցի սան, 75 կիլոգրամ քաշային Սմբատ Նազարյանը։
Բրոնզե մեդալակիրը եւս ներկայացնում է Ճամբարակի մարզադպրոցը․ նա 54 կիլոգրամ քաշային Վեհմեր Մարտիրոսյանն է։
«Լիլիթ Ասատրյանը չորրորդ տարին անընդմեջ հռչակվում է Հայաստանի չեմպիոն։ Նա կմասնակցի այս տարի Երեւանում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Հուսանք, որ այդ ժամանակ էլ նա մրցանակային տեղ կապահովի Հայաստանի հավաքականի համար։ Գոհ ենք նաեւ մեր մյուս երկու մրցանակակիրների ցուցադրած ելույթներից, ընդհանուր արդյունքներից, նաեւ՝ մեծահասակների մարզիչ Մարատ Կարոյանի եւ երիտասարդների մարզիչ Տարոն Կարապետյանի կատարած արդյունավետ աշխատանքից»,-նշեց Գեւորգ Սարգսյանը։