Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում շնորհավորական ուղերձ է հղել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը մասնավորապես ասել է.
«Ողջունում եմ բոլոր ներկաներին և սրտանց շնորհավորում հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ:
Իսլամական հեղափոխությունը, հաստատելով ժողովրդի իշխանությունը, նպաստել է Իրանի յուրօրինակ հեղինակությանը, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Հայ և իրանցի ժողովուրդները, ապրելով միևնույն տարածաշրջանում, միմյանց փոխկապակցված են պատմամշակութային կուռ թելերով: Վաղ ժամանակներից մեր երկու ժողովուրդների միջև ձևավորվել են մշակութային սերտ առնչություններ, որոնք շարունակում են թե՛ հայերիս և թե՛ իրանցիների կենցաղի, վարք ու բարքի, բազմաթիվ կոթողների և հարուստ մշակութային ժառանգության բնութագրիչ յուրատիպ հատկանիշը լինել:
Մեր երկու երկրները, անցնելով պատմության բազմադարյա քառուղիներով և տարբեր փորձություններով, այսօր աշխարհին են ներկայանում որպես քրիստոնեության և իսլամի օրինակելի երկխոսությամբ և փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում համագործակցող պետություններ։
Հարգելի՛ ներկաներ,
Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջիններից էր աշխարհում, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Եվ մեծ ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 31 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ընթացել են զարգացման վերընթաց ուղիով: Հայաստան-Իրան հարաբերությունները այսօր էլ դինամիկ զարգացում են ապրում, և լիահույս ենք, որ համատեղ ջանքերով էլ ավելի կընդլայնենք երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգը:
Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների ապագայի մեր տեսլականը լավագույնս արտացոլված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026թթ. ծրագրում:
Լիահույս ենք, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը երկկողմ համագործակցության էլ ավելի խորացման ու ամրապնդման մեծ խթան կհանդիսանան։
Հայաստանի և Իրանի միջև հաստատված է համագործակցության բազմոլորտ օրակարգ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ի զորու կլինենք մոտ ապագայում ընդլայնել միջպետական համագործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանային կայունության ամրապնդման:
Մեզ համար Իրանը մինչ օրս եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր, ով իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը:
Կրկին շնորհավորում եմ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ և Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն:
Շնորհակալություն»: