ԲԿԳ-ի 5-րդ ծրագրի շրջանակում ՀՀ-ն ստանձնել է 10 հանձնառություն
Ռազմավարական առաջարկներ մշակելու նպատակով Բաց կառավարման գործընկերության 2022-2024 թթ 5-րդ ծրագրի շրջանակում Հայաստանը ստանձնել է 10 հանձնառություն, որոնց շարքում են կոռուպցիայի դեմ պայքարը, օրենսդրական բարեփոխումները, ներառվել է նաև դատական համակարգի թափանցիկությունը: Փետրվարի 8-ին ԲԿԳ-ն ներկայացրեց ծրագրերի գնահատման հաշվետվություն:
«Սա շատ լավ հարթակ և գործիք է, որտեղ կառավարությունը հավաքագրում է կարծիքներ և առաջարկներ շահառուներից և գույքագրում խնդիրներ»,- ասաց Բաց կառավարման գործընկերության համակարգող Լիլյա Աֆրիկյանը:
Կոռուպցիայի կանխարգելման ոլորտում թափանցիկ ու բաց կառավարման մոդելն է ներկայացրել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ օրինակ բերելով պաշտոնյաների կողմից թանկարժեք նվերների ստացման արգելքի կամ պարտադիր հայտարարագրման ինստիտուտը, որն արդեն կիրառվում է:
Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը շեշտում է՝ վիճակագրության համաձայն կոռուպցիոն դրսևորումներ 68 տոկոսը գնումների համակարգում է: Կանխարգելման հիմնական գործիքը, ըստ նրա, գնումների նոր էլեկտրոնային համակարգի ներդրումն է:
«Թվայնացումը հանգեցրել է նրան, որ մենք կարողանում ենք օրենքները վիզուալիզացնել ու թվայնացնել այնպես, որ բոլորս հասկանանք, թե ինչ է կատարվում և ֆիքսենք այն բոլոր դեպքերը, երբ տեղի են ունենում չարաշահումներ»,- նշեց նա:
Քննարկմանը մասնակցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները նշում են, որ իրենք աջակցում են Հայաստանի կառավարության հանձնառությանը՝ դառնալ ավելի արդյունավետ, բաց ու թափանցիկ: ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը ընդգծում է կատարված մեծ աշխատանքը՝ նշելով, որ այն բավարար չէ լիարժեք ժողովրդավարության համար:
«Մենք տեսնում ենք ողջ ջանքերն ու շարունակում ենք գործակցությունը բարեփոխումների օրակարգի շուրջ»,- ասաց նա:
Քննարկելով 4 համայնքների՝ Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Արմավիրի, ինչպես նաև քաղհասարակության առաջարկած ծրագրերը՝ մասնակիցները պայմանավորվեցին գտնել հստակ լուծումներ արդյունավետ կառավարման համակարգ ունենալու համար: