ՀՀ ԱԺ պատգամավորները Վոլգոգրադում մասնակցել են Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Վոլգոգրադում մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Մաթեւոս Ասատրյանը։

ՀՀ ազգային ժողովից հայտնում են, որ այցի շրջանակում խորհրդարանականները հանդիպել են Վոլգոգրադի քաղաքային դումայի ղեկավար Ալեքսանդր Բլոշկինի, մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովի հետ: Քննարկվել են մի շարք ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ընդգծվել է նաեւ երկու երկրների միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Կարեւորվել է այն հանգամանքը, որ այս ծանր ու բարդ ժամանակաշրջանում հայկական պաշտոնական պատվիրակությունն ու հայկական համայնքը ներկայացված են եղել բոլոր միջոցառումներին:

Հանդիպում է եղել նաեւ Վոլգոգրադի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նշվել է այն ծանրակշիռ դերակատարումը, որն ունի համայնքը՝ երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությանն ուղղված նախագծերում, մարզի հասարակական-քաղաքական կյանքում:

Ստալինգրադի հաղթանակը բեկումնային է դարձել Հայրենական մեծ պատերազմի համար: Հայերը մեծ ավանդ են ունեցել այդ ճակատամարտում. արյունալի մարտերին մասնակցել է 30.000 հայորդի, որից 10.000-ը զոհվել է: Մասնակից հայերի կեսից ավելին պարգեւատրվել է շքանշաններով եւ մեդալներով: Հայ ճարտարապետ Կարո Հալաբյանի ղեկավարմամբ՝ իրականացվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագիծը:

Հայկական պատվիրակությունը միջոցառումներին ներկայացուցչական կազմով է եղել. մասնակցել է նաեւ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս