ՓՊ-ն խնդրահարույց է համարում փաստաբանների հարկման ռեժիմի փոփոխումը
Ֆինանսների նախարարություն կողմից շրջանառության մեջ է դրվել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փաստաբաններին տեղափոխել ընդհանուր հարկման ռեժիմ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի ունեցած նիստի ժամանակ փաստաբանները իրենց մտահոգություններն են հայտնել նախագծով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ՝ նշելով, որ այն կսահմանափակի փաստաբանների աշխատանքը:
ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ այդ նախագիծը անհանգստություն է առաջացնում իրավաբանական գործունեություն ծավալող անձանց շրջանում, քանի որ հետագայում դա կարող է ազդել ծառայությունների մատչելիության վրա:
«Իրավաբանական ծառայությունները տեղափոխվել են այն հոդվածի և այն խմբում, որը վերաբերվում է վարկային կազմակերպություններին, խաղատներին, բանկերին և այլն: Ինչու է որոշվել, որ իրավաբանական գործունեությունը պետք է հավասարեցնել բանկային գործունեության հետ: Նախագծով հաշվի չի առնվել ոլորտի առանձնահատկությունը»,- ասաց նա:
Զոհրաբյանի խոսքով`պետությունը պոզիտիվ պարտավորություն ունի ապահովել յուրաքանչյուրին իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:
«Իրավաբանական օգնությունը փաստաբանների միջոցով է, ու փաստաբաններին այլ տնտեսվարողների հետ նույնացնելը չի կարող արդար համարվել: Պետք է հիմնավորումներ լինեն, թե ինչու է որոշվել այդպես անել: Շրջանառության հարկը արտոնություն չէ, ԱԱՀ-ին ու շահութահարկին փոխարինող պարզեցված հարկ է: Շրջանառության հարկի կիրառման դեպքում վարչական մարմինների հետ շփումները նվազագույնի է հասցված: Սա փաստաբանների համար հարմարավետ հարկային ռեժիմ է»,- ընդգծեց նա: