Փաշինյանը Գագիկ Հարությունյանին փոս փորելու բահ է տվել

Ինչպես օրերս տեղեկացրել էին լրատվամիջոցները, Վենետիկի հանձնաժողովի ոչ բարենպաստ դիրքորոշման պատճառով վերջին շրջանում լարվել են Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավար Գագիկ Հարությունյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները:

Եվ ահա նախկին լրագրող Փաշինյանի ճկուն ուղեղը նոր փորձություն է հնարել բոլոր ժամանակների և իշխանությունների ծառա Գագիկ Հարությունյանի համար:

Ինչպես հայտնի է՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում անցումային արդարադատության հակակոռուպցիոն հատվածը: Ծրագրում, մասնավորապես, նշված է, որ պետք է լինի «երբևէ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, նախարարի, ԱԺ պատգամավորի, կառավարությանն առընթեր մարմինների, դատախազության և այլ բարձրաստիճան ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքային վիճակի ուսումնասիրություն ու վերլուծություն, դրա արդյունքների հրապարակում և օրենդրական մեխանիզմների կիրառում» և այլն:

Գործնականում սա նշանակում է, որ իշխանությունները՝ թքած ունենալով բոլոր իրավական սկզբունքների վրա, վերջին 20 տարում պաշտոն զբաղեցրած անձանց կարող են հարցնել՝ որտեղից իրենց այդ գույքը, և պատասխանն անբավարար գնահատելու դեպքում՝ խլել այն:

Ի դեպ, սա կարող է տարածվել նաև ուղղակի ունևոր քաղաքացիների վրա` հարկերից խուսափելու դեմ պայքարի շրջանակներում:

Եվ ահա հենց ինքը` մեծն «մետր» Գագիկ Հարությունյանը, պետք է տա այս հակասահմանադրական, հակաիրավական երևույթի սահմանադրական հիմնավորումները, ինչպես դա արել է սովորաբար` իրեն բնորոշ խուճուճ ձևակերպումներով: Սրա հմայքն այն է, որ այս կարգավորումն աշխատելու է առաջին հերթին՝ հենց Գագիկ Հարությունյանի ու նրա բարեկամների դեմ, որոնք տարիներ շարունակ զբաղեցրել են բարձր պաշտոններ ու կուտակել հսկայական կարողություն:

Մյուս կողմից էլ` չհանդգնելով Փաշինյանին ասել ճշմարտությունն այս գաղափարի ողջ վտանգի մասին, Գ. Հարությունյանն իր ծառայամտությամբ և ամեն ինչ հիմնավորելու պատրաստակամությամբ՝ մեծ ռումբ կդնի հեղափոխության և անձամբ Փաշինյանի իշխանության տակ:

Տեսանյութեր

Լրահոս