«Իշխանությունն արդեն իսկ լուծել է իր առջև դրված թիվ մեկ խնդիրը». Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի բացառում, որ 5 տարի հետո իրենք նորից կլինեն իշխանության, նաև չի բացառում, որ չլինեն: Նման հայտարարություն այսօր նա արեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ ի պատասխան ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, թե 5 տարի հետ լինելու է իշխանափոխության և ՀՅԴ-ն է գալու իշխանության`տուն ուղղարկելով այսօրվա իշխանություններին:

Ըստ նրա՝ շարժումը կարողանում է լուծել այն խնդիրները, որոնց համար եկել է իշխանության:

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը, որ եթե այս իշխանությունը չկարողանա լուծել հասարակության սոցիալական հարցերը, դարձյալ հանրային հուզումներ կլինեն, մինչև չգա այնպիսի ուժ, որը կկարողանա լուծել այդ հարցերը, Արարատ Միրզոյանը չցանկացավ մեկնաբանել՝ ասելով, որ ուղղակի ուզում է բոլոր նման պնդումների համար ասել, որ տարիներ շարունակ Հայաստանում կար նախևառաջ արդարության, իրավունքների և ազատությունների խնդիր.

«Ես չեմ հերքում սոցիալ-տնտեսական խնդիրների առկայությունը, բայց դրանք ևս հանգում են իրավունքների խնդիրներին»:

Ըստ նրա՝ հենց այս խնդիրն է, որ հասունացրել և հնարավոր է դարձրել հեղափոխությունը, իսկ իշխանությունն արդեն իսկ լուծել է իր առջև դրված թիվ մեկ խնդիրը. «Ազատ, արդար, արժանապատիվ Հայաստանն այլևս վաղուց իրականություն է: Հաջորդ փուլը բարեփոխումների փուլն է, որը սոցիալ-տնտեսական է լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս