Բաժիններ՝

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ

Համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների կազմակերպմանը, սիգի փողոցային առևտրի դադարեցմանը, սուբվենցիայի տրամադրման կարգի փոփոխություններին, «Իմ քայլը հանուն մարզի» ներդրումային համաժողովի կազմակերպմանը և կրթական հաստատություններում հակահամաճարակային միջոցառումներին առնչվող հարցեր են քննարկվել աշխատանքային խորհրդակցությանը, որը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հունվարի 15-ին անցկացրել է ՀՀ մարզպետների մասնակցությամբ։

Ողջունելով գործընկերներին՝ նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է նրանց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանքային տարի։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, անցնելով աշխատակարգային հարցերի քննարկմանը՝ Սուրեն Պապիկյանը մարզպետներին կոչ է արել հետևողական և հասցեական մոտեցում ցուցաբերել համայնքների սեփական եկամուտների՝ հողի հարկի և գույքահարկի, հավաքագրման գործընթացի նկատմամբ ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ ոլորտում առկա ցուցանիշները բարելավելու և նախորդ տարվա համեմատ 2019 թվականին ավելի բարձր արդյունքներ ապահովելու ուղղությամբ։ Նախարարի պաշտոնակատարը նաև կարևորել է այս նպատակով համայնքապետերի և բնակչության հետ մարզպետների կողմից անհատական աշխատանք տանելու անհրաժեշտությունը։

Մի շարք համայնքներում առաջիկայում կայանալիք ընտրություններին ընդառաջ Սուրեն Պապիկյանը մարզպետներին հորդորել է հավուր պատշաճի կազմակերպել ընտրական գործընթացի նախապատրաստական աշխատանքները, բացառել ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր նետող ցանկացած դրսևորում՝ հավասար պայմաններ և հնարավորություններ ընձեռելով բոլոր թեկնածուներին։ «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մենք պետք է ստեղծենք հավասար հնարավորություններով այնպիսի մրցակցային դաշտ, որի պայմաններում համայնքապետ կընտրվի համայնքային հիմնախնդիրներին տիրապետող, դրանց լուծման տեսլականն ունեցող և բնակչության վստահությունը վայելող անձը»,-ասել է նախարարի պաշտոնակատարը։

Սուրեն Պապիկյանը մարզպետներից նաև հետաքրքրվել է սիգի փողոցային առևտուրը դադարեցնելու և համայնքների ղեկավարների հետ համատեղ ստուգայցեր կազմակերպելու առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականի ընթացքի, արձանագրված արդյունքների վերաբերյալ և ընդգծել, որ պետք է խստագույնս վերահսկողություն իրականացնել՝ բացառելով ոլորտում առկա ցանկացած հանցավոր դրսևորում:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև օրակարգային հանդիսացող ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգի փոփոխություններին, մարզերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին, «Իմ քայլը հանուն մարզի» ներդրումային համաժողովի կազմակերպման աշխատանքների իրականացմանը, նախակրթարաններում և դպրոցներում մարզպետարանների իրավասության շրջանակներում տարվող հակահամաճարակային միջոցառումներին վերաբերող հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս