Էդմոն Մարուքյանը՝ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մասին

Ազգային ժողովի հանձնաժողովների թիվը նախկին 9-ից 11 դարձնելը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ուռճացում չի համարում: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ հանձնաժողովների ավելացումն իրենց որևէ առավելություն չի տալիս։

Մարուքյանը հիշեցրեց, որ ժամանակին քննադատում էին մարդու իրավունքների հանձնաժողովի փակումը՝ վատ ուղերձ համարելով, բայց հիմա դա ուղղվում է և բերվում հին տեսքին։

Անդրադառնալով նոր ստեղծվող տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին՝ Մարուքյանը նշեց, թե քանի որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ երկիր է, այդ կառույցում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծում չեն ստանում, ապա ստեղծվում է հանձնաժողով, որը կզբաղվի այդ խնդիրներով՝ ներմուծման, արտահանման, վարորդական իրավունքների և այլն.

«Մենք խորհրդարանական երկիր ենք, այս բոլոր խնդիրները չի կարելի թողնել միայն Կառավարության ուսերին»։

Նա նկատեց, որ մեկ հավելյալ հանձնաժողովի ծախսը բյուջեի վրա շատ չէ՝ առավելագույնը 132 հազար դրամ:

Մարուքյանի խոսքով՝ այդ հանձնաժողովի գաղափարը ժամանակին իրենք են դրել շրջանառության մեջ: Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն հարցը քննարկել է ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության իր գործընկերների հետ, պատգամավորը պատասխանեց, որ կարող է գործընկեր կուսակցությունները հուշագիր են ստորագրել.

«Ես չգիտեմ ինչ են քննարկել: Եթե ուղղակի գաղափարը քննարկել են իրենց գործընկերների հետ, դա նորմալ է»:

Տեսանյութեր

Լրահոս