Ինչ սկզբունքով են այս անգամ բաշխվելու ԱԺ աշխատասենյակները պատգամավորների միջև
Նախկինում Ազգային ժողովում աշխատասենյակների բաշխումը մշտապես կռվախնձոր ու խժդժությունների առիթ է եղել: Պատգամավորները ներքին պայքար էին մղում, թե ում բաժին կհասնեն երկտեղանոց «VIP» սենյակները: 2017-ին, օրինակ, որոշ պատգամավորներ բացահայտ հրաժարվում էին մտնել իրենց հատկացված ոչ այնքան հարմարավետ սենյակները: Իրավիճակը որոշ առումով շտկվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Արա Սաղաթելյանի նշանակվելուց հետո:
Ի՞նչ սկզբունքով են այս անգամ բաշխվելու աշխատասենյակները պատգամավորների միջև:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին դեռ չեն ավարտել աշխատասենյակների հետ կապված աշխատանքները, սակայն աշխատակազմի ու պատգամավորների միջև անախորժություններ չեն լինի, քանի որ իրենք որոշել են միայն, թե որ խմբակցությունը շենքի որ հատվածում է տեղակայվելու, իսկ առանձին սենյակների բաշխման գործը թողնվել է խմբակցություններին:
«Մենք «կռիվ» չենք ունեցել նոր ընտրված ԱԺ-ի հետ, խմբակցություններն իրենք կորոշեն, թե որ պատգամավորին որ սենյակն է հատկացվելու»,- ասաց Ա.Բաբայանը:
Ըստ նրա՝ նախկինում ՀՀԿ խմբակցության զբաղեցրած տարածքն այժմ հատկացվել է «Իմ քայլին», շենքի առաջին հարկը, որտեղ մինչ այս «Ելք» խմբակցությունն էր, տրվել է «Լուսավոր Հայաստանին, իսկ ԲՀԿ-ն հիմնականում իր տեղում է մնալու:
«Հիմնական սկզբունքն այն է եղել, որ բոլոր խմբակցությունների պատգամավորները նույն շարքում լինեն»,- ասաց Ա.Բաբայանը: