Հայաստանը մնացել է կոլեկտիվ մենության մեջ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վեց անդամ պետությունների հինգ անդամներ պաշտոնապես հաստատել են Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում: Միայն Երևանը չի հայտնել իր դիրքորոշումը:

Հայաստանը ՀԱՊԿ վեց անդամ երկրներից միակն է, որը դեռևս չի համաձայնվել դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակմանը: Բելառուս ներկայացուցչի թեկնածությունը ներկա պահին հաստատել են Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը և Ռուսաստանը: Զասի թեկնածությունը հաստատել են հինգ երկրի նախագահները:

Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը «Коммерсантъ»-ին պարզաբանել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ստանիսլավ Զասի թեկնածության համաձայնեցման գործընթացը կազմակերպվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ նրա անձնական հանդիպումներով: Նրա խոսքով՝ դեկտեմբերի 12-20-ը նման հանդիպումներ են կայացել Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի ղեկավարների հետ, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը հետաձգվել է ավելի ուշ ժամկետի:

Վլադիմիր Զայնետդինովը հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նախագահ, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հրահանգով նախապատրաստել է կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի և ՀԱԽ որոշումների նախագծերը Ստանիսլավ Զասին գլխավոր քարտուղար նշանակելու մասին: «Դրանք ուղարկվել են ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամներին դիտարկման համար»,- ասել է Զայնետդինովը:

«Коммерсантъ»-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակը մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, նշելով, որ Երևանը ելնում է այն հանգամանքից, որ այդ «հարցը վերջնական լուծում չի ստացել»: Դեկտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ստանիսլավ Զասի հետ հանդիպումը նպատակահարմար չի համարում: Նրա խոսքերով, բանակցությունները շարունակվում են:

«Коммерсантъ»-ը տեղեկացնում է նաև, որ, հնարավոր է, բոլոր հարցերի պատասխանները տրվեն դեկտեմբերի 27-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում:

«Կարծում եմ, որ դեկտեմբերի 27-ին՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, պարզ կլինի: Ցանկալի է նոր տարին դրական սկսել: Հուսով ենք, որ դեկտեմբերի 27-ին ամեն ինչ կլուծվի: Փոխզիջում է պետք: Հույսներս դնում ենք հայկական կողմի իմաստության վրա և հույս ունենք, որ հաշվի կառնվի հինգ նախագահի դիրքորոշումը: Երբ կազմակերպության անդամ ես, պետք է պատրաստ լինես փոխզիջումների գնալ», – ասել է գործակալության աղբյուրը:

Տեսանյութեր

Լրահոս