«0038 հրամանը Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապ չունի, այն հակասահմանադրական իրավիճակ չի առաջացրել». Հայկ Ալումյան

«0038 հրամանը չի ներկայացնում որևէ խնդիր, չի առաջացրել որևէ հակասահմանադրական, հակաօրինական իրավիճակ։ Ընդհակառակը՝ 0038 հրամանի արդյունքում կանխվել է բանակի ներքաշումը օրեր շարունակ տևող ցույցերին, այն, ինչի վերաբերյալ հստակ տվյալներ կային։ Այսինքն՝ աշխատանքներ են տարվում բանակի ներսում, որպեսզի զինվորականներին նույնպես բերեն Ազատության հրապարակ ու նրանք սկսեն մասնակցել քաղաքական պրոցեսներին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

0038 հրամանն, ըստ նրա՝ որևէ բացասական արդյունքներ չի առաջացրել. «0038 հրամանն ու Մարտի 1-ի իրադարձություններն ընդհանրապես իրար հետ փոխկապակցված չեն։ 2008թ. փետրվարի 19-ին կայացել են ընտրություններ, ամսի 21-ին նախնական արդյունքներն են ներկայացվել, որից հետո պարտված թեկնածուն իր համախոհների և շատ մարդկանց հետ միասին դուրս են եկել Ազատության հրապարակ։

Այդ թեկնածուն հայտարարել է, որ ինքն է հաղթել ընտրությունները, հայտարարել է, որ պետք է կազմաքանդել տվյալ ռեժիմը։ Ընդ որում՝ այդ ամենը նա արել է՝ զուգահեռաբար դիմելով նաև Սահմանադրական դատարան՝ ընտրությունները վիճարկելու համար։ Այդ ցույցերը տևել են օրեր շարունակ, և որևէ մեկը մինչև Մարտի 1-ն ընդհանրապես չի խոչընդոտել դրանց իրականացմանը։

Բայց հետզհետե սկսել են ստացվել շատ մտահոգիչ տեղեկություններ այն մասին, որ որոշ մարդիկ փորձում են բանակը ներքաշել այդ հարցերի մեջ, անել այնպես, որ նաև զինվորականնեը գան հրապարակ և իրենց զենքը շրջեն տվյալ իշխանությունների վրա»։

Հայկ Ալումյանի խոսքով՝ իրավիճակը հետևյալն է եղել՝ նման տվյալներ են ստացվել, ՊՆ երկու փոխնախարար հայտարարել են, որ միանում են ցուցարարներին, գործող զինվորական դատախազ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ցույց է արել, ԵԿՄ-ում անընդհատ մի շարք բարձրաստիճան սպաների մասնակցությամբ ցուցարարներին միանալու վերաբերյալ քննարկումներ են եղել, դրա հետ միասին՝ ստացվել են օպերատիվ տվյալներ, որ որոշ զորամասերում անձնակազմի հետ արդեն աշխատանքներ են տարվում, որպեսզի զինվորականները միանան ցուցարարներին.

«Պատահականություն է դա, թե ոչ, բայց վերջերս այդ խռովարար ՊՆ փոխնախարարներից մեկը՝ Մելքոնյանը, հարցազրույցում ասաց, որ այո, այդ օրերին հատուկ գնդի 80 տոկոսը պատրաստ էր անցնել ցուցարարների կողմը։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ կարող էր նշանակել։ 0038 հրամանի միակ նպատակն էր՝ թույլ չտալ այդ զարգացումները։ 0038 հրամանը իր դերն ունեցել է, որ բանակը չի ներքաշվել այս հարցերի մեջ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս