Բաժիններ՝

Արծվանիստում սուբվենցիոն երկու ծրագրով լուսավորվել է փողոցների 70 տոկոսը

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում սուբվենցիոն երկու ծրագրի իրականացման արդյունքում լուսավորվել է 3030 գծամետր երկարությամբ 5 փողոց կամ գյուղի թաղամասերի մոտ 70 տոկոսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով, որն իրականացվել է այս տարվա ամռան ամիսներին, 43 լուսատու է տեղադրվել թիվ 1 եւ 22 փողոցներում ու դեպի գերեզմանոց տանող ճանապարհին: Ծրագրի իրականացման համար հայտարարված մրցույթը շահել են 6 մլն 251 հազար դրամով, որի 60 տոկոսը ներդրել է Արծվանիստի համայնքապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը:

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով, որն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերի սկզբին, 2-րդ, 4-րդ եւ 6-րդ փողոցներում տեղադրվել է 58 լուսատու: Հայտարարված շինարարական մրցույթը շահել են 9 միլիոն 376 հազար դրամով, որի 60 տոկոսը ներդրել է Արծվանիստի գյուղապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը:

«Այս երկու ծրագրի իրականացմամբ լուսավորվել է գյուղի թաղամասերի մոտ 70 տոկոսը, այդ թվում՝ Վանեվան պատմաճարտարապետական համալիր տանող ճանապարհը: Ի դեպ, ԽՍՀՄ տարիներին ունեինք լուսավորության գրեթե 100 տոկոսանոց ցանց, որը ժամանակի ընթացքում անգործության մատնվեց եւ իսպառ ոչնչացվեց: Եկող տարվա տնտեսված միջոցներով ձգտելու ենք լուսավորության ցանց կառուցել նաեւ մյուս թաղամասերում՝ գյուղը լուսավորելով ամբողջությամբ: Եթե ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման համար էլ պետական միջոցներ հատկացվեն, ապա գյուղի բարեկարգման ուղղությամբ ահագին առաջընթաց կարող ենք գրանցել, որին գյուղը սպասում է տասնամյակներ շարունակ»,- նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս