Փաշինյանը հավաստում է, որ ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը չի ձգտում դեպի ՆԱՏՕ
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է, և չի ձգտում դեպի ՆԱՏՕ, բայց շարունակելու է պահպանել հարաբերությունները դաշինքի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով դեկտեմբերի 10-ին օտարերկրյա լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«Մենք հարաբերություններ ունենք ՆԱՏՕ-ի հետ, դրանք կապված են խաղաղապահ առաքելությունների հետ, այդ թվում՝ Կոսովոյում, Աֆղանստանում, և մենք շարունակելու ենք այդ համագործակցությունը: Բայց մենք չենք ձգտում դեպի ՆԱՏՕ, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք»,- նշել է Փաշինյանը:
Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը պահպանում է գործընկերային հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ-ի հետ, բայց չի լինելու որևէ մեկի ազդեցության տակ:
«Մենք գործընկերներ ենք և՛ ՌԴ-ի, և՛ ԵՄ-ի հետ, և չենք գտնվում որևէ մեկի ազդեցության ներքո»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: