«Եթե 2018 թվականն ավարտվեց, մեր միջազգային գործընկերներն են հավելյալ հայցով դատի տալու Կինոկենտրոնին և, գուցե, Մշակույթի նախարարությանը». Հովհաննես Գալստյան

Շարունակվում է «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի համառեժիսոր և համապրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության և «ՍԻՆԵՄԱ» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնի հիմնադիր Հովհաննես Գալստյանի՝ դեկտեմբերի 3-ին մեկնարկած հացադուլը:

Հացադուլի պատճառ է դարձել «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագիծը, որը պետք է 2019 թվականին մեծ էկրան բարձրանար, սակայն նախագիծը չի կայացել։

Հացադուլից առաջ Հովհաննես Գալստյանը հայտարարություն էր տարածել, որտեղ մանրամասնել էր, թե որոնք են կինոնախագծի առջև ծառացած խնդիրները. «2018-ին ավարտվում է «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային Կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, արտադրող ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին Կինոկենտրոնը ընդունել է նոր Կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։

Ֆիլմի արտադրությունը դադարեցվել է, միջազգային արտադրողների ներդրումները՝ սառեցվել։ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերությանը հասցվել է բարոյական, ֆինանսական և արտադրական մեծ վնաս։

Ընկերությունը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ ազգային Կինոկենտրոնի։ Մինչև 2018-ի ավարտը Կինոկենտրոնի կողմից ստանձնած պարտավորության կատարման երաշխիքների բացակայության դեպքում, ֆիլմի միջազգային ներդրողները հավելյալ Հայց կներկայացնեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ պահանջելով իրենց ներդրած գումարների և կրած վնասների փոխհատուցում»,- նշել էր կինոռեժիսորը։

Պարոն Գալստյանը նշել էր նաև, որ «այս հացադուլը հանդիսանում է Հայաստանում մշակույթի ոլորտում տասնամյակներով կուտակված արատավոր երևույթները հրապարակայնացնելու և կինոյի կառավարման համակարգը բարեփոխելու համար անզիջում պայքարի առաջին փուլը»:

168.am-ը ռեժիսորից հետաքրքրվեց, թե ինչպիսին է նրա ինքնազգացողությունը, ինչպես է ընթանում հացադուլը.

«Արդեն հացադուլի 6-րդ օրն է, խմում եմ միայն ջուր: Երեկվանից սկսել եմ նաև հանքային ջրեր խմել, որովհետև բժիշկները խորհուրդ տվեցին. օրգանիզմիս միներալները պակասում են և պետք է հանքային ջրեր օգտագործել: Հիմա հանքային ջրեր եմ խմում: Իմ ինքնազգացողությունը լավ է, կա թեթև հոգնածություն. ավելի քիչ եմ քայլում, ավելի քիչ եմ շփվում ինձ այցելած մարդկանց հետ: Այցելած մարդկանց պակաս, ի դեպ, չկա: Ինձ մոտ միշտ մարդաշատ է, երբեք մենակ չեմ մնում՝ չհաշված գիշերները, որ իմ հանգստության համար խնդրում եմ, որ գնան, որ ես կարողանամ գոնե հանգսիտ քնել. չեմ ուզում, որ իմ հացադուլը ծանրանա բոլոր իմ սիրելիների, իմ մտերիմների, իմ շրջապատի վրա»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ռեժիսորը դեկտեմբերի 11-ին պատրաստվում է հանդես գալ մամուլի ասուլիսով: Ուղիղ միացում կլինի Բուլղարիայի և Գերմանիայի պրոդյուսերների հետ, որոնք կհաստատեն՝ ինչպես իրենց ներդրումը կինոնախագծում, այնպես էլ՝ այն հանգամանքը, որ Հայաստանը խախտում է համատեղ միջազգային ֆիլմարտադրության նորմերը, որի համար հավելյալ հայց են ներկայացնելու ընդդեմ Հայաստանի։

«Իմ տրամադրվածությունը շատ մարտական է: Միակ բանը, որ մեզ հիմա հուզում է, ամսի 11-ին կայանալիք մամուլի ասուլիսն է, որի անցկացման տեղի, ժամի վերաբերյալ մենք հայտարարություն կտարածենք: Մինչ այդ պետք է պայմանավորվենք մամուլի ակումբների հետ, որ տեսնենք՝ ով կտրամադրի մեզ դահլիճ, որպեսզի մենք կարողանանք սկայպ-միացություն ունենալ Բուլղարիայի և Գերմանիայի մեր համապրոդյուսերների հետ, որպեսզի հայ լրագրողները տեսնեն կենդանի ներդրող հայկական կինոյի մեջ: Այդպիսի բան կարող է այլևս չտեսնեն, եթե ամեն ինչ այսպես շարունակվի և եթե մենք մտնենք դատարան:

Մենք վճռական ենք: Մինչև 2018 թվականի ավարտը ամեն օր պայքարելու ենք, որպեսզի Հայաստանը ստանձնի պարտավորություն, հաստատի իր պարտավորությունը, որպեսզի չմտնենք միջազգային դատարան, մնա միայն մեր հայցը՝ հայկական տեղական ընկերության հայցը: Որովհետև, եթե 2018 թվականն ավարտվեց, մեր միջազգային գործընկերներն են հավելյալ հայցով դատի տալու Կինոկենտրոնին և, գուցե, Մշակույթի նախարարությանը»,- եզրափակեց Հովհաննես Գալստյանը:

Անի Գաբուզյան

Տեսանյութեր

Լրահոս