
«Օրվա իշխանությունները և Հայաստանի քաղաքական ռեժիմը` Փաշինյանի գլխավորությամբ, չունեն որևէ ասելիք». Էդուարդ Շարմազանով

«Սիրելի հայրենակիցներ, քարոզարշավի այս օրերի ընթացքում ակնհայտ դարձավ, որ օրվա իշխանությունները և Հայաստանի քաղաքական ռեժիմը` Փաշինյանի գլխավորությամբ, չունեն որևէ ասելիք: Նրանք ձախողել են ամեն ինչ և ամեն բան` Հայաստանի տնտեսության զարգացումը, արտաքին քաղաքականությունը, Հայաստանի անվտանգությունը, աշխատատեղերի ստեղծումը, և այս բոլոր ձախողումները քողարկելու համար դիմել են վարչական խայտառակ մեթոդների` անելով ամեն ինչ, որ Հայաստանում չլինի քաղաքական բանավեճ»,- իր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ, դիմելով ընտրողներին, ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ ՀՀԿ փոխխոսնակի` վարչախումբը բացի գոռալուց, շինծու քրեական գործեր հարուցելուց, ԱԱԾ-ով վախեցնելուց, այլ բան չեն կարող անել: Ակնհայտ է, որ այս ընտրությունները պետք որոշեն` Հայաստանը գնում է դեպի դիկտատուրա թե կլինի մի ուժ, որը թույլ չի տա դա անել: Այս 6-7 ամիսների ընթացքում իրենց քաղաքական ուժը պայքարել է հանուն Արցախի անվտանգության, ավանդական ընտանիքի, ազգային արժեքների, հանուն նրա, որ ազատ խոսքը Հայաստանում չմեռնի:
«Վարչական ռեսուրսը խայտառակ կերպով միջամտում է ընտրական գործընթացին: Ռեժիմը խուճապի մեջ է, և խայտառակություն է, որ 21-րդ դարում ազատ մամուլի նկատմամբ ոտնձգություն է իրականացվում: Ես կոչ եմ անում և ԶԼՄ-ներին և Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին հավատարիմ մնալ իրենց քաղաքացիական դիրքորոշմանը և չկորցնել իրենց համառությունն ու ազատությունը: Այս պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության է, և ես կոչ եմ անում դեկտեմբերի 9-ին ընտրել թիվ 1-ին»,-եզրափակեց Է. Շարմազանովը:
Մանրամասները` տեսանյութում:
https://www.facebook.com/333386077462494/videos/2304628596437276/