Մեսրոպ Պապիկյանը հայտարարություն է տարածել թիմակցին ծեծի ենթարկելու առնչությամբ
«Իմ քայլը» դաշինքից թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը հայտարարություն տարածել իր թիմակցին ծեծի ենթարկելու առնչությամբ:
Հայտարարության մեջ ասվում է. «Արդեն տեղեկացրել եմ, որ «Մենք» դաշինքի անդամների կողմից ծեծի է ենթարկվել իմ թիմի անդամներից մեկը: Այս միջադեպը շահարկվեց, եղան բազում մեկնաբանություններ, որոնց ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ՝ հույս ունենալով, որ նման երևույթներն այլևս չեն կրկնվի:
Միջադեպի մասին տեղեկանալուց հետո ես և իմ թիմը ձեռնարկել ենք հետևյալ քայլերը.
- Իմանալով, որ իմ թիմակցի վրա կատարվել է հարձակում, մենք դիմել ենք ՀՀ ոստիկանություն։
- Ոստիկանների հետ միաժամանակ այցելել ենք «Մենք» դաշինքի կենտրոնական գրասենյակի բակ, որտեղ պատահաբար հանդիպել ենք դաշինքի առաջին դեմքերից մեկին, ով մեզ հրավիրել է գրասենյակ:
- Ոստիկանները չեն մտել դաշինքի գրասենյակ, քանի-որ չունեն դրա իրավունքը: Նրանք սպասել են գրասենյակի բակում: «Մենք» դաշինքի գրասենյակ եմ մտել ես և իմ թիմակիցներից ոմանք: Փորձել ենք տեղի ունեցածի մասին զրուցել «Մենք»-ի անդամների հետ, բայց արժանացել ենք ոչ բարեհաճ վերաբերմունքի: Մեզ դիմավորել են բավական կոպիտ, ծավալվել է «բարձր տոնայնությամբ» խոսակցություն, ինչից ելնելով ոստիկանները ներս են մտել՝ կրքերը հանդարտեցնելու և հնարավոր զարգացումները կանխելու համար: Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ մենք մտել ենք «Մենք» դաշինքի գրասենյակ միայն հրավեր ստանալուց հետո:
- Ոստիկանների միջամտությունից հետո մենք հեռացել ենք տարածքից և վերադարձել ոստիկանության բաժանմունք:
Եվ այսպե՛ս, նոր Հայաստանում բռնությունը տեղ չունի, նոր Հայաստանում մարդը բացարձակ արժեք է, նրա առողջությունն ու անվտանգությունը կարևորագույն պայման են: Այս հարցով զբաղվում է ոստիկանությունը: Եւ՛ ես, և՛ իմ թիմակիցները սպասում ենք ոստիկանության քայլերին»: