«Հայաստանի հասարակությունը կողմնորոշվելու խնդիր ունի». Ստեփան Դանիելյան
«Հայաստանի հասարակությունը կողմնորոշվելու խնդիր ունի, կողմնորոշվելու չափորոշիչների խնդիր ունի։ Ցանկացած հասարակություն կողմնորոշվելու համար պետք է ինչ-որ չափորոշիչներ ունենա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ ի պատասխան հարցի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած բանավեճն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ընտրողների վրա՝ կողմնորոշվելու առումով։
Ստեփան Դանիելյանը չի կարծում, թե Հայաստանի հասարակության մեծ մասը քաղաքականապես պատրաստված է, որ կարողանա գնահատականներ տալ նման բանավեճերին և դրանց բովանդակությանը. «Դրանում, առաջին հերթին, մեղավոր է ոչ թե հասարակությունը, այլ քաղաքական էլիտան, մամուլը, կրթական համակարգը»։
Քաղաքագետը բանավեճից տպավորություն է ստացել, որ քաղաքական էլիտան՝ իր քաղաքական գիտակցության առումով, ինքն է բավականին ցածր մակարդակում գտնվում։ «Այդ բանավեճը ցույց տվեց, որ, ըստ էության, չէր գնում քաղաքական խոսակցություն, չէր գնում երկրի զարգացման հարցերի քննարկում, բոլորն ինչ-որ անձնական խնդիրներ էին լուծում, իրար վարկաբեկում էին, դա քաղաքական դեբատ չէր»։