Մակրոնը փարիզյան ցույցերի պատճառով կարող է չեղարկել այցը Սերբիա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում շարունակվող բողոքի ակցիաների պատճառով կարող է չեղարկել այցը Սերբիա, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 5-6-ը: Այս մասին հայտնում է Tanjug գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Մակրոնը սերբ գործընկերոջ՝ նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Ֆրանիսայում ներքաղաքական ճգնաժամի պատճառով կչեղարկի այցը Սերբիա:
Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ են սկսվել նոյեմբերի 17-ից: Ակցիաներին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ:
Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ իշխանությունները հասկանում են ժողովրդի անհանգստությունը, սակայն սակագինը չեն փոխելու:
Երկրում հունվարի 1-ից բենզինի գինը մեկ լիտրի դիմաց ավելանալու է 2.9, իսկ դիզելինը՝ 6.5 եվրոցենտով: