«Արամ Հարությունյանը իր չէ, որ տանք կամ չտանք, եթե ես գայի՝ դեմ կքվեարկեի»․ Էդուարդ Շարմազանով. Hraparak.am

Hraparak.am-ի հարցազրույցը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովի հետ։

– Պարոն Շարմազանով, վաղը Գլխավոր դատախազը գալու է ձեր կուսակից, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի հետևից, որը մեղադրվում է 14 միլիոն ԱՄՆ դոլարի կաշառք ստանալու մեջ․․․ Տալո՞ւ եք։

– Ես չեմ գալու, քարոզչության եմ, պատգամավորի թեկնածու։ Գամ ի՞նչ անեմ, չեմ պատրաստվում մասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած կեղծ հակաքարոզչության շոուներին։ Ես համարում եմ, որ Գլխավոր դատախազի կողմից ԱԺ՝ Արամ Հարությունյանի հարցով միջնորդություն ներկայացնելը ոչ այլ ինչ է, քան ՀՀԿ- ի նկատմամբ հակաքարոզչություն, որովհետև, եթե նման բան կար, ոչինչ չէր խանգարում նրանց դա անել քարոզարշավի ավարտից հետո։ Իսկ քարոզչության ամենաթեժ, կարևոր պահին նման սև PR իրականացնելը մեր թիմի նկատմամբ, Փաշինյանի մոտ չի ստացվի։

– Չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, նման հակաքարոզչություն իրականացնելու առիթը ձեր քաղաքական թիմի անդամի 14 մլն․ կաշառքն է, որով էլ թիմին հերթական անգամ վատ վիճակի մեջ է դնում։

– Փաշինյանը թող մի հատ իր թիմի անդամներին նայի, նոր հետո կգա մեր թիմին․․․ Ես հստակ ասում եմ՝ կոռուպցիոն երևույթները միշտ էլ եղել են, մեր կառավարման ժամանակ էլ եղել են մարդիկ, որոնք դատապարտվել են, բայց նման ձևերով ու պոպուլիստական քայլերով դիվիդենտներ շահելը պատիվ չի բերում այսօրվա իշխանություններին։ Դա ցույց է տալիս Փաշինյանի իշխանության վախկոտ և ոչ գաղափարական դեմքը։ Նրանք սարսափում են, որ Հանրապետականը լինելու է պառլամենտում, որովհետև շատ լավ հասկանում են, որ եթե հայտնվեցինք՝ էն էլ նորմալ քանակությամբ, էդ մարդը գլխին տալու է։

– Այնուամենայնիվ, չեք համարում, չէ՞, որ Արամ Հարությունյանը անմեղ է։

– Դատարանը պետք է որոշի, և այսօր պետության պրոբլեմն այն է, որ Փաշինյանն իրեն հռչակել է և՛ վարչապետ, և՛ դատավոր, և՛ դատախազ, և՛ ամեն ինչ, և՛ դիկատոր։ Սա է պրոբլեմը մեր երկրի։ Ու էս ամեն ինչի սերմերը և պտուղները վաղը կուտեք և կտեսնեք։

– Դուք վաղը չեք գալու, իսկ թիմում որոշո՞ւմ կա՝ տա՞լ, թե՞ չտալ Արամ Հարությունյանին, որովհետև սա սկզբունքային հարց է։

– Արամ Հարությունյանը իր չէ, որ տանք կամ չտանք։ Ես նույնիսկ, եթե ներկա լինեի քվեարկությանը, դեմ կքվեարկեի։ Որովհետև, նորից եմ ասում, սա էժանագին շոու է։ Եթե ոչ, թող այդ ամենը անեին դեկտեմբերին 24- ից հետո ամենը նորմալ իրավական գործընթացի շրջանակներում, թե չէ եկել սատանի մայլեն քյանդրբազություն են անում։

Տեսանյութեր

Լրահոս