«Մեր քաղաքացիները կուշտ են այդ փոխհրաձգություններից». Մանե Թանդիլյան
«Ինձ համար այս քարոզարշավի ամենակարևոր ցուցանիշը լինելու է քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին»,- քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանը՝ ընդգծելով, որ, եթե քաղաքացիները կատարեն գիտակցված ընտրություն, ԼՀԿ-ն լինելու է ծանրակշիռ քաղաքական դերակատար նոր Հայաստանում։
«Մեր քաղաքացիները դեռևս ավելի շատ անձերով են կողմնորոշվում, և քաղաքացիները մեր թիմը տեսնելով՝ գալու են դեպի լուսավոր Հայաստան կերտելու։ ԼՀԿ-ին այլընտրանք չկա»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք համարո՞ւմ է, որ հավասար պայքար է ընթանում ուժերի միջև՝ հաշվի առնելով, որ ուշադրության կենտրոնում այսօր հիմնականում ՀՀԿ-ն ու «Իմ քայլը» դաշինքն են, նա պատասխանեց. «Ինձ համար փոխադարձ հրաձգությունը ուշադրության նշան չէ, որովհետև քաղաքացիներն այլ չափանիշերով են ընտրություն կատարում։
Բովանդակությունը, խոսքը, քաղաքական գործչի կենսագրությունն է ունենալու նշանակություն։ Հետևաբար՝ դրանք ընդամենը հին մշակույթի մնացուկներ են, որ նոր Հայաստանում, նոր քաղաքական ուժերի միջոցով վերացվելու են։ Մեր քաղաքացիները կուշտ են այդ փոխհրաձգություններից և ուզում են տեսնել աշխատող, կառուցող քաղաքական ուժի, որն ունի մեկ նպատակ՝ Հայաստանը դարձնել լավագույն պետություն, և դա «Լուսավոր Հայաստանի» առաքելությունն է»։
Նա ընդգծեց՝ բավական է խոսել, մեկը մյուսին մեղադրել, աշխատելու ժամանակն է։
Դիտարկմանը՝ ՀՀԿ-ականներն ասում են, որ միայն իրենք են քննադատում «Իմ քայլը» դաշինքին, իսկ մնացած ուժերը ձևական բնույթ են կրում, նա այսպես արձագանքեց. «Իսկ ես գտնում եմ, որ քաղաքական մեռելների մասին խոսելն այլևս ավելորդ է»։