Ո՞վ է ՇՊՀ ուսանողների շրջանում քարոզում, որ Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիից պետք է դուրս բերվի
Շաբաթներ առաջ 168.am-ը գրել էր, որ Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանի, «արևմտամետների» ու երիտասարդների մասնակցությամբ մի հանդիպում է կազմակերպվել, որի մասին հրապարակում էր եղել Լևոն Բարսեղյանի asparez.am կայքում՝ «Հայ-ադրբեջանական երկխոսությունն ու Հայաստանը 2018թ.-ից հետո» վերտառությամբ:
Մենք տեղեկացանք, որ դա ամենևին էլ եզակի միջոցառում չի եղել, և, որ Լևոն Բարսեղյանը, իր պաշտոնեական դիրքը չարաշահելով, նման քարոզչական բնույթի հանդիպումներ, իսկ իրականում՝ ուղեղների լվացման միջոցառումներ, հաճախ է կազմակերպում:
ՇՊՀ-ից ուշագրավ տեղեկություններ են մեզ հասնում այդ հանդիպումների կազմակերպչական ձևի և բովանդակության մասին: Հիմնական կոորդինատորը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԲՈՒՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, նախկինում ՀՅԴ-ի ակտիվ աջակից Լևոն Մարտիրոսյանն է, ով ներկայումս անհասկանալի քաղաքական դիրքորոշում ունի՝ թերևս, կախված իրավիճակի փոփոխությունից:
Բայց ամենաուշագրավն այն է, որ Լևոն Մարտիրոսյանն իր «առաքելությունն» ավարտելուց ու ուսանողներին սորոսականների հետ հանդիպմանը տեղավորելուց հետո աշխատում է չհայտնվել կադրերում, մարդ ես, ի՞նչ իմանաս՝ վաղն ինչ կլինի:
Ի դեպ, ՇՊՀ ուսանողները մեզ պատմեցին, որ վերջին նման հանդիպման ժամանակ ակտիվորեն Լևոն Բարսեղյանի ու հանդիպմանը ներկա մյուս սորոսականների կողմից քարոզվել է Գյումրիից 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու թեզը:
Փաստորեն Լևոն Բարսեղյանը չի նահանջում. Գյումրիի ավագանու ընտրությունների ժամանակ անփառունակ պարտություն կրելով, տեսնելով, որ գյումրեցիներն ամեն դեպքում իր գաղափարները չեն կիսում, վերջինս հիմա էլ որոշել է դրանք տարածել ուսանողների շրջանում:



