Իտալիան և Ֆրանսիան մտահոգություն են հայտնել Լիբանանի իրավիճակի վերաբերյալ
Իտալիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները մարտի 31-ին «խորը մտահոգություն» են հայտնել Լիբանանում անվտանգության իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Associated Press-ը։
Իտալիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Գուիդո Կրոզետտոն և Կատրին Վոտրինը հեռախոսազրույցի ընթացքում հատուկ անդրադարձ են կատարել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ի անձնակազմի դեմ վերջերս կատարված հարձակումներին։
Նրանք ընդգծել են «նման միջադեպերի անընդունելիությունը և առաքելություն իրականացնող անձնակազմի առջև ծառացած աճող ռիսկերը»։
Նախարարները շեշտել են ՅՈՒՆԻՖԻԼ-ի ռազմավարական կարևորությունը՝ նշելով, որ Լիբանանի կայունությունն «ամբողջ Միջերկրածովյան ավազանի հավասարակշռության անփոխարինելի հենասյունն է»։
Նրանք հաստատել են, որ Իտալիան և Ֆրանսիան կշարունակեն գործել սերտ համակարգված՝ միջազգային անձնակազմի անվտանգությունն ապահովելու, խաղաղությունը պահպանելու և Լիբանանի իշխանություններին աջակցելու նպատակով։
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Լիբանանի հարավում երկու առանձին միջադեպի ժամանակ զոհվել է ՄԱԿ-ի երեք խաղաղապահ՝ Ինդոնեզիայի քաղաքացիներ։
Լիբանանի առողջապահության նախարարության մարտի 30-ի տվյալների համաձայն՝ մարտի 2-ից ի վեր երկրում իսրայելական հարվածների զոհերի ընդհանուր թիվը հասել է 1247-ի, իսկ վիրավորներինը՝ 3680-ի։
Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ը հրթիռներ էր արձակել Իսրայելի վրա՝ հաջակցություն Իրանի, որը ենթարկվել էր ամերիկա-իսրայելական հարձակման։ Ի պատասխան՝ Իսրայելը նոր ցամաքային և օդային հարձակումներ է իրականացնում Լիբանանում։




