Լեհաստանը մտադիր չէ Մերձավոր Արևելքում Patriot հրթիռներ տեղակայել
Վարշավան Մերձավոր Արևելքում Patriot հրթիռային համակարգեր տեղակայելու ծրագրեր չունի։ Այս մասին X-ում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Մեր Patriot մարտկոցները և դրանց զենքերն օգտագործվում են Լեհաստանի օդային տարածքի և ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության համար։ Այս առումով ոչինչ չի փոխվել, և մենք դրանք որևէ տեղ տեղափոխելու ծրագրեր չունենք», – գրել է Կոսինյակ-Կամիշը։
Նախարարի խոսքով՝ դաշնակիցները գիտեն և հասկանում են, թե որքան կարևոր են իրենց առաքելությունները:
«Լեհաստանի անվտանգությունը մեր բացարձակ առաջնահերթությունն է»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ «Rzeczpospolita» թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Լեհաստանի հետ ոչ պաշտոնապես քննարկել է Վարշավայի երկու Patriot մարտկոցներից մեկն իրենց հրթիռներով Մերձավոր Արևելքում տեղակայելու հնարավորությունը։
Լեհաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Յանուշ Սեյմեյն ընդգծել է, որ այս հարցի վերաբերյալ Վաշինգտոնից դեռևս պաշտոնական հարցում չի ստացվել։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։



