Թրամփը հայտարարել է, որ կցանկանար իր ձեռքը վերցնել Իրանի նավթը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար իր ձեռքը վերցնել Իրանի նավթը։ Այս մասին նա ասել է The Financial Times-ին տված հարցազրույցում։
Թրամփը հայտնել է, որ իր «նախընտրությունը կլինի նավթը վերցնելը»։ Նա այս հնարավոր քայլը համեմատել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նավթարդյունաբերությունը վերահսկելու նկրտումների հետ՝ հունվարին այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո։
«Անկեղծ ասած՝ ինձ համար նախընտրելի է վերցնել Իրանի նավթը, բայց ԱՄՆ-ում որոշ հիմար մարդիկ ասում են. «Ինչո՞ւ եք դա անում»։ Բայց նրանք հիմար մարդիկ են», – ասել է Թրամփը The Financial Times-ին։
Թրամփը նաև չի բացառել ամերիկյան ուժերի կողմից Խարգ կղզին գրավելու հնարավորությունը։
Հենց Խարգ կղզով է անցնում նավթահումքի արտահանման մոտ 90%-ը։ Իրանի ափամերձ այս փոքրիկ հանքավայրը Թեհրանի համար տնտեսական կենսական նշանակություն ունի և կարող է դառնալ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողության թիրախ։
Ըստ Kpler վերլուծական հարթակի տվյալների՝ այն ունի մոտ 31 միլիոն բարել նավթի պահեստավորման գնահատված հզորություն և մարտի սկզբին գործում էր իր հնարավորությունների 58%-ի չափով։
ԱՄՆ-ն մարտի 13-ին հարվածներ էր հասցրել Խարգ կղզում գտնվող ռազմական օբյեկտներին, իսկ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ հարված է հասցվել 90 թիրախի, այդ թվում՝ ծովային ականների պահեստների, հրթիռների պահման բունկերների և բազմաթիվ այլ ռազմական օբյեկտների։



