«Օսկար» մրցանակաբաշխության անցկացման վայրը կփոխվի
«Օսկար»-ը կթողնի իր անցկացման վայրը՝ Հոլիվուդի սրտում գտնվող «Դոլբի» թատրոնը, և կտեղափոխվի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող «Փիքոք» թատրոն։ Սա տեղի կունենա 2029 թվականից՝ նույն տարում, երբ մրցանակաբաշխության հեռարձակումը նախատեսվում է տեղափոխել YouTube հարթակ: Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հոլիվուդի բուլվարում գտնվող «Դոլբի» թատրոնը (նախկինում՝ «Կոդակ») հյուրընկալում է «Օսկար»-ը 2002 թվականից:
Այս քայլը ձեռնարկվում է աշխարհի առաջատար ժամանցային AEG ընկերության հետ բազմամյա գործընկերության շրջանակում. AEG-ը LA Live համալիրի սեփականատերն է, որտեղ նաև անցկացվում են «Էմմի» և «Գրեմմի» մրցանակաբաշխությունները: Այստեղ է գտնվում նաև «Փիքոք» թատրոնը, որը «Օսկար» մրցանակաբաշխությունը կհյուրընկալի մինչև 2039 թվականը։
1929 թվականին մեկնարկած «Օսկար» մրցանակաբաշխությունը, որն առաջին անգամ հեռարձակվել է հեռուստատեսությամբ 1953 թվականին, 2029 թվականից կհեռարձակվի YouTube-ով՝ ուղիղ եթերում և անվճար։
Մինչ այդ «Օսկար»-ը կշարունակեն անցկացնել «Դոլբի» թատրոնում և հեռարձակել հեռուստատեսությամբ։



