Հորդառատ անձրևների պատճառով Կապանում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և Ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ
Հորդառատ անձրևների պատճառով Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և Ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, մանրամասնելով, որ դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով փողոցը ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից փակվել է։
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։
«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել և անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,– ասված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնել էին, որ մարտի 27-28-ը Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսվում է առատ տեղումներ և Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ջրի ելքերի մեծացում։



