Բաժիններ՝

ՄԱԿ-ում ԱՄՆ-ին կոչ են արել արագ ավարտել Մինաբի դպրոցին հարվածի հետաքննությունը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել հնարավորինս շուտ ավարտել և հրապարակել հետաքննության արդյունքները՝ կապված Իրանի հարավի Մինաբ քաղաքում տարրական օրիորդաց դպրոցին հասցված հարվածի հետ, որի հետևանքով շուրջ 170 երեխա էր զոհվել։

Այս մասին նա ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացված արտակարգ քննարկումների ընթացքում, որոնք կազմակերպվել էին Իրանի, Չինաստանի և Կուբայի խնդրանքով։

Հանձնակատարի խոսքով՝ Մինաբի «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունն առաջացրել է միջազգային հանրության «խորը սարսափը»։

«Ռումբերից ավերված դասարանների և սգացող ծնողների կադրերը հստակ ցույց են տվել, թե ով է վճարում պատերազմի համար ամենաբարձր գինը. խաղաղ բնակիչները, որոնք ոչ մի ազդեցություն չունեն հակամարտությանը հանգեցրած որոշումների վրա», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Տյուրկը հիշեցրել է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք հայտնել են այդ հարվածի գործով հետաքննություն անցկացնելու մասին։

«Ես կոչ եմ անում այս գործընթացն ավարտել հնարավորինս շուտ և հրապարակել դրա արդյունքները։ Այս սարսափելի վնասը չպետք է անպատիժ մնա», – նշել է նա։

Փետրվարի 28-ին՝ ամերիկա-իսրայելական հարվածների առաջին օրը, Իրանի իշխանությունները հայտնել են, որ հարվածի տակ է հայտնվել Մինաբ քաղաքի տարրական օրիորդաց դպրոցը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 175 մարդ՝ հիմնականում աշակերտուհիներ, ինչպես նաև ծնողներ և ուսուցիչներ։ Եվս 95 մարդ վիրավորվել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակման համար մեղադրել է Իրանի զինված ուժերին՝ առանց ապացույցներ ներկայացնելու։ Ավելի ուշ պարզվել է, որ հարվածի վայրում հայտնաբերված հրթիռային բեկորներն ունեն ամերիկյան զինամթերքի մակնշում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031