Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ դոլարի վրա՝ առաջին անգամ գործող նախագահի դեպքում
Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ առաջին գործող նախագահը, որի ստորագրությունը կհայտնվի ամերիկյան թղթադրամների վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Հաղորդվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների 250-ամյակի կապակցությամբ Թրամփի ստորագրությունը կհայտնվի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի ստորագրության կողքին։
«Մեր հզոր երկրի և նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի պատմական նվաճումները ճանաչելու ավելի հզոր միջոց չկա, քան նրա անունը կրող ԱՄՆ դոլարային թղթադրամները», – ասել է Բեսենթը։
ԱՄՆ ներկայիս գանձապետ Բրենդոն Բիչը հայտարարել է, որ երկրի տարադրամը «կշարունակի մնալ բարգավաճման, ուժի և ամերիկացի ժողովրդի անսասան ոգու խորհրդանիշ՝ նախագահ Թրամփի առաջնորդությամբ»։
ԱՄՆ թղթադրամներն ավանդաբար կրում են ֆինանսների նախարարի և գանձապետի ստորագրությունները։
Թրամփի և Բեսենթի ստորագրություններով առաջին 100-դոլարանոց թղթադրամները կտպագրվեն հունիսին։
Ներկայում տպագրվող թղթադրամների վրա զետեղված են նախկին նախագահ Ջո Բայդենի ֆինանսների նախարար Ջանեթ Ելենի և գանձապետ Լին Մալերբայի ստորագրությունները։
1861 թվականից սկիզբ դրված ավանդույթի համաձայն՝ թղթադրամների վրա լինում է ԱՄՆ գանձապետի ստորագրությունը, սակայն Թրամփի վարչակազմի ծրագրերի համաձայն՝ այս ավանդույթին, փաստորեն, վերջ կդրվի։
Մարտի սկզբին դաշնային արվեստի հանձնաժողովը հաստատել է Թրամփի պատկերով 24-կարատանոց ոսկե հուշադրամի թողարկումը՝ նույնպես ԱՄՆ-ի 250-ամյակի կապակցությամբ։



