Եվրասիական միջկառավարական խորհուրդը հաստատել է ինտեգրման զարգացման փաստաթղթերի փաթեթը
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ստորագրվել է 12 փաստաթուղթ. որոշումներն ուղղվել են մասնակից երկրների ինտեգրման զարգացմանը և նրանց տնտեսությունների կայունության բարձրացմանը: Այս մասին հաղորդել է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը նիստի ընդլայնված մասում առաջարկել է հաստատել մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասին դրույթը, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ գործողությունների ծրագիրը, ինչպես նաև արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության փոփոխությունների փաթեթը։
Նրա խոսքով՝ օրակարգում ներառված էր 13 հարց, որոնց մի մասը քննարկվել է նեղ կազմով։ Մասնակիցներին նաև ներկայացվել են մաքսային հայտարարագրման պրակտիկայի, մակրոտնտեսական իրավիճակի և ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման վերաբերյալ հաշվետվություններ։
Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի նախագահությամբ տեղի ունեցած նիստին մասնակցել են միության երկրների կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև դիտորդ պետությունների ներկայացուցիչներ։
Հայաստանի Հանրապետությունից նիստին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 6-7-ը Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում։



