Մերձավոր Արևելքում նոր հարվածներ են հասցվել տարբեր քաղաքների և ռազմական օբյեկտների
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ մի շարք հարվածներ է հասցրել Թեհրանի կենտրոնին: Այս մասին ԻՊԲ-ն գրել է Telegram-ում:
Նշվում է, որ ԻՊԲ-ն արդեն ավարտել է Թեհրանի կենտրոնում երկրի կառավարական ենթակառուցվածքի օբյեկտներին մի շարք լայնածավալ հարվածները։
Միևնույն ժամանակ Al Jazeera հեռուստաալիքը հաղորդում է, որ հրթիռային հարված է հասցվել իրանական Ուրմիայի բնակելի շրջանին։
ԶԼՄ-ների տվյալներով՝ «չորս բնակելի շենք ամբողջությամբ ավերվել է», կան զոհեր և վիրավորներ։
Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մարտի 27-ի վաղ առավոտյան հայտարարել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության 83-րդ ալիքի մեկնարկի մասին։
Հաղորդվում է, որ հրթիռներն ու անօդաչուներն ուղղվել են ողջ տարածաշրջանում գտնվող ամերիկյան և իսրայելական հանգուցային ռազմական օբյեկտների վրա։
«Թիրախների թվում եղել են նավթի պահեստարանները և Աշդոդում գտնվող նավթաբազան, Մոդիին բնակավայրում զինվորական անձնակազմի տեղաբաշխման վայրը և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական տեղեկատվության փոխանակման կենտրոնը», -ասվում է Press TV-ի հրապարակած հոդվածում։
ԻՀՊԿ-ն նաև հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին Ալ Դաֆրայում (ԱՄԷ) և Ալ Ուդեյդում (Կատար), ինչպես նաև Ալի ալ Սալեմ ավիաբազայում (Քուվեյթ) տրանսպորտային ինքնաթիռների և անօդաչուների տեխնիկական սպասարկման ու պահման հանգարներին։
Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի անձնակազմը ներկայում ստիպված է լքել ռազմաբազաները և պատսպարվել քաղաքացիական հյուրանոցներում։
Նրա խոսքով՝ ամերիկյան ռազմական կառուցվածքն Արևմտյան Ասիայում «ամենակարճ ժամանակում փլուզվել է»։
«Մենք կանգ չենք առնի, մինչև ամերիկյան և իսրայելական զորքերը դուրս չբերվեն տարածաշրջանից, և մեր պայմանները չկատարվեն», – հայտարարել է Շեքարչին։



