Ղազախստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
Ղազախստանի Շիմքենդ քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, նիստին մասնակցում են նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը:
Նիստին մասնակցում են նաև դիտորդ երկրների ներկայացուցիչները, մասնավորապես, Ղազախստանում Իրանի դեսպան Ալի Ակբար Ջուխարը, Կուբայի Հանրապետության փոխվարչապետ և արտաքին առևտրի և ներդրումների նախարար Օսկար Պերես-Օլիվան և Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլահ Արիպովը: Միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում է նաև Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդան՝ որպես հրավիրված երկրի ներկայացուցիչ:
Ղազախստանը 2026 թվականի ընթացքում գլխավորում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մարմինները, այդ թվում՝ Միջկառավարական խորհուրդը։
Նիստի օրակարգում ներառված են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ինտեգրացիոն համագործակցության խորացման հարցեր՝ կենտրոնանալով հիմնական ոլորտներում ներմիութենական համագործակցության ամրապնդման, մաքսային վարչարարության կատարելագործման, արդյունաբերական համագործակցության, ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման, սպառողների պաշտպանության և անդամ հինգ երկրների մակրոտնտեսական իրավիճակի վրա։
Նշվում է, որ նիստի մասնակիցները կկենտրոնանան արդյունաբերական ոլորտում համագործակցության վրա: Նախատեսվում է Միության բյուջեից ֆինանսավորում հատկացնել ագրոարդյունաբերական համալիրում համատեղ նախագծերի իրականացման համար, ինչպես նաև հաստատել Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործունեության մասին կանոնակարգը։ Նախատեսվում է հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը Միության անդամ պետությունների սպառողների պաշտպանության ոլորտում 2022-2025 թվականների համատեղ գործողությունների ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև նմանատիպ թարմացված փաստաթուղթ մինչև 2030 թվականը ժամանակահատվածի համար:
Հանձնաժողովը կներկայացնի ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական իրավիճակի տարեկան վերանայման և կայուն տնտեսական զարգացման ապահովման առաջարկներ:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ղազախստան է մեկնել մարտի 26-ին։ Նա կմասնակցի նաև Digital Qazaqstan համաժողովին։



