Բեռնատարներից կատարված գողությունները բացահայտվել են
Մարտի 9-ին ՆԳՆ «112» օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեցին միանման երկու ահազանգ։ «Իվեկո» մակնիշի բեռնատարի վարորդը հայտնել էր, որ Արտաշատի խճուղում կայանված մեքենայի դուռը բացել են տեխնիկական միջոցներով և գողացել դիզելային վառելիքի լիցքավորման կտրոններ ու գումար։ Վնասը կազմել է շուրջ 156 հազար դրամ։
Մյուս դեպքում՝ «Վոլվո» բեռնատարի վարորդը տեղեկացրել էր, որ նույն կերպ բացել են Արարատյան փողոցում՝ մաքսային տերմինալի մոտ կայանված իր մեքենայի դուռը և գողացել գումար ու բջջային հեռախոս։ Վնասը գերազանցել է 500 հազար դրամը։
Ահազանգերի հիման վրա դեպքի վայրեր մեկնեցին Շենգավիթի համայնքային ոստիկանության ծառայողները։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել են մայրաքաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ 30 և 31 տարեկան երկու եղբայրներ։ Պարզվեց նաև, որ նրանք հանցանքի վայր են մեկնել պատվիրած տաքսիներով՝ առաջին դեպքում մարտի 9-ի կեսգիշերն անց, երկրորդում՝ առավոտյան։
Մարտի 18-ին եղբայրները հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և տեղափոխվեցին Շենգավիթի բաժին։ Նրանց բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե տարա՝ լցված մարիխուանայի նմանվող մոտ 150 գրամ զանգվածով։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։



