Ոչ ոք չի կարող հեռացնել Իրանին աշխարհի առաջնությունից. Իրանի հավաքականի պատասխանը Թրամփին
Ֆուտբոլի տղամարդկանց Իրանի ազգային հավաքականը սոցիալական ցանցերում արած գրառումով պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը հայտարարել էր, թե «տեղին չի լինի Իրանի թիմի մասնակցությունը» հունիս-հուլիսին ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։
«Աշխարհի առաջնությունը միջազգային մասշտաբի պատմական իրադարձություն է, որի կազմակերպիչը ՖԻՖԱ-ն է, ոչ թե որեւէ առանձին երկիր։ Իրանի հավաքականը մասնակցության իրավունք է նվաճել հետեւողական հաղթանակների շնորհիվ եւ առաջիններից էր նվաճել ուղեգիր։
Իհարկե, ոչ ոք չի կարող հեռացնել Իրանին աշխարհի առաջնությունից։ Ավելի շուտ պետք է հեռացնել այն երկրին, որն ընդամենը միջոցառման «տանտերն» է, բայց չունի հնարավորություն ապահովելու մասնակից թիմերի անվտանգությունը»,- նշվում է Իրանի հավաքականի հաղորդագրությունում։
Ավելի վաղ Իրանի սպորտի նախարարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումներից եւ երկրի ղեկավարների սպանություններից հետո բացառվում է ազգային թիմի մասնակցությունը ԱՄՆ-ում անցկացվելիք առաջնությանը։



