Իրաքում կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի լցավորող ինքնաթիռ
Իրաքում աղետի ենթարկված ամերիկյան KC-135 լցավորող ինքնաթիռը երկնքում բախվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նմանատիպ ինքնաթիռի: Այս մասին հաղորդել են The Washington Post թերթը և CBS News հեռուստաալիքը։
Flightradar24 ավիառեսուրսի տվյալներով՝ երկրորդ KC-135-ը, արտակարգ դրության ազդանշան տալով, կարողացել է վայրէջք կատարել Թել Ավիվի Բեն Գուրիոնի անվան օդանավակայանի իր բազավորման վայրում։
Միևնույն ժամանակ աղետի վայրում անցկացվում է որոնողափրկարարական գործողություն: Ինքնաթիռի անձնակազմը պետք է բաղկացած լիներ առնվազն երեք օդաչուից։ Նրանց ճակատագիրն առայժմ անհայտ է։
Ամերիկացի պաշտոնյաներից մեկը The Associated Press գործակալությանը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 5 մարդ՝ չնայած KC-135-երը սովորաբար ունենում են երեք հոգուց բաղկացած անձնակազմ։
Իր հերթին ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել է, որ միջադեպը տեղի է ունեցել բարեկամական երկրի երկնքում։ Հրամանատարությունում ընդգծել են, որ Իրանի դեմ գործողությանը մասնակցած ինքնաթիռը չի խոցվել։ Լցավորող ինքնաթիռն, ըստ հայտարարության, Իրաքի արևմուտքում կործանվել է «մեկ այլ ինքնաթիռի մասնակցությամբ միջադեպի հետևանքով». երկրորդ ինքնաթիռի տեսակը չի նշվում։ CENTCOM-ը ևս հայտնել է, որ երկրորդ ինքնաթիռը միջադեպից հետո կարողացել է վայրէջք կատարել։



