Թրամփն ԻՀՊԿ-ի անդամներին և Իրանի ուժայիններին կոչ է արել վայր դնել զենքերը, իսկ դիվանագետներին՝ ապաստան խնդրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի բոլոր ուժային կառույցներին կոչ է արել վայր դնել զենքերը, իսկ իրանցի դիվանագետներին հորդորել է ապաստան խնդրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների առջև ելույթում, որի տեսանյութը տարածել է ABC News-ը։
«Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, զինվորականներին և ոստիկանությանը վայր դնել զենքերը։ Նրանք սպանվելու են։ Հիմա ժամանակն է կանգնել իրանցի ժողովրդի կողքին և օգնել վերադարձնել երկիրը…. Մենք ձեզ անձեռնմխելիություն կտանք…. Դուք միանգամայն ապահով կլինեք լիակատար անձեռնմխելիությամբ, այլապես մահը ձեզ համար երաշխավորված է», – ասել է Թրամփը։
Նա նաև ամբողջ աշխարհում իրանցի դիվանագետներին կոչ է արել ապաստան խնդրել և «օգնել ձևավորել ավելի լավ Իրան՝ մեծ ներուժով»։
«Միացյալ Նահանգները կերաշխավորի, որ ով էլ ղեկավարի Իրանը, այդ երկիրը չի սպառնա Ամերիկային կամ իր հարևաններին, Իսրայելին կամ որևէ այլ մեկին», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։




