Բաժիններ՝

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավում մի շարք տարածքների վրա։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA)։

«Իսրայելական օդուժը գիշերը հարվածներ է հասցրել Սրիֆա, Այտա աշ-Շաաբ, Թուլին, աս-Սաուանա և Մաջդալ Սելեմ բնակավայրերին», – հայտնել է գործակալությունը։

Իսրայելը թիրախավորել է նաև Լիբանանի արևելքում գտնվող Դուրիս քաղաքը։

Գործակալությունը չի տրամադրել որևէ մանրամասն տեղեկատվություն զոհերի կամ ավերածությունների ծավալի մասին։

Լիբանանի առողջապահության նախարարության տեղեկացմամբ` Արևմտյան Բեքաայի Լաբայա բնակավայրում գտնվող տան վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 3 քաղաքացի։

Տեղեկություններ են հաղորդվել նաև, որ իսրայելական հարձակման հետևանքով 4 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, զոհվել է Մաշղարա բնակավայրում։

Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը նշել է, որ իր անդամները թիրախավորել են Լիբանանի տարածքում գտնվող Իսրայելի ուժերին։

Հայտարարության համաձայն` «Հեզբոլլահ»-ը նաև թիրախավորել է Իսրայելի Յոավ ռազմական ճամբարը Գոլանի բարձունքներում և Իսրայելի Հայֆա նավահանգստում գտնվող ռազմածովային բազան։

Ավելի վաղ «Հեզբոլլահ»-ը տարհանման մասին նախազգուշացում է տարածել Լիբանանի հետ վիճելի սահմանի շրջանում բնակվող իսրայելցիներին։

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողություններ են սկսվել փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մեկնարկած հակամարտության ֆոնին։

Վերջին օրերի հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 120-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս