ԱՀԿ-ն Հնդկաստանից դուրս Նիպա վիրուսի տարածման ռիսկը ցածր է համարում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Հնդկաստանից մահացու Նիպա վիրուսի տարածման ռիսկը ցածր է, ուստի կազմակերպությունը խորհուրդ չի տալիս սահմանափակումներ մտցնել ճանապարհորդության կամ առևտրի ոլորտում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հոնկոնգը, Մալայզիան, Սինգապուրը, Թաիլանդը և Վիետնամը այն ասիական երկրներից են, որոնք այս շաբաթ խստացրել են օդանավակայաններում ստուգումները՝ Հնդկաստանում Նիպա վիրուսի 2 դեպքի հաստատումից հետո իրենց տարածքում վիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։
«ԱՀԿ-ն այս երկու դեպքերից վարակի հետագա տարածման ռիսկը ցածր է համարում», – Reuters-ին էլեկտրոնային նամակով ասել է ԱՀԿ-ն՝ հավելելով, որ Հնդկաստանն ունի նման բռնկումները զսպելու կարողություն։
«Ներկայում մարդուց մարդ փոխանցման աճի ապացույցներ չկան», – ասվում է հայտարարության մեջ՝ հավելելով, որ կազմակերպությունը համակարգում է գործողությունները Հնդկաստանի առողջապահական մարմինների հետ։
Այնուամենայնիվ, կազմակերպությունը չի բացառել վիրուսի հետագա փոխանցումը, որը շրջանառվում է չղջիկների շրջանում Հնդկաստանի որոշ մասերում և հարևան Բանգլադեշում։
Հնդկաստանի արևելյան Արևմտյան Բենգալիա նահանգում վարակված երկու անձինք առողջապահության ոլորտի աշխատողներ էին, և երկուսն էլ բուժում են ստանում տեղական հիվանդանոցում։ Հնդկաստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իշխանությունները նույնականացրել և հայտնաբերել են այս երկու դեպքերի հետ կապված 196 կոնտակտավոր անձի, որոնցից ոչ մեկի մոտ այս պահին ախտանիշներ չկան, բոլորի թեստերը բացասական արդյունք են ցույց տվել։
Չղջիկների և որոշ կենդանիների, ինչպիսիք են խոզերը, միջոցով փոխանցվող վիրուսը կարող է ջերմություն և ուղեղի բորբոքում առաջացնել։ Մահացության մակարդակը տատանվում է 40%-ից մինչև 75%-ի միջև։ Վիրուսի դեմ այս պահին դեղամիջոց չկա, պատվաստանյութերը դեռևս մշակման փուլում են։
Վիրուսը մարդկանց է փոխանցվում վարակված չղջիկներից կամ նրանց կողմից կծված մրգերից։ Մարդուց մարդ վիրուսի փոխանցումը դժվար է, քանի որ սովորաբար անհրաժեշտ է լինում երկարատև շփում վարակված անձի հետ։
