Էստոնիան Երևանում դեսպանատուն կբացի
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան՝ տեղեկացնելով նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Բրյուսելում սպոնտան հանդիպման մասին։
«Բրյուսելը մարդկանց միավորելու յուրահատկություն ունի։ Սպոնտան հանդիպում ունեցա իմ սիրելի ընկեր, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Եթե ոչ որևէ այլ վայրում, ապա այս տարի Երևանում Էստոնիայի դեսպանատան բացման ժամանակ մենք կրկին կհանդիպենք»,- գրել է Էստոնիայի ԱԳ նախարարը։
Էստոնիայի ԱԳ նախարարի գրառմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Միշտ հաճելի է իմսիրելի ընկեր Մարգու Ցահքնայի հետ հանդիպելը։ Լինի դա ֆորմալ, թե սպոնտան հանդիպում, մենք գտնում ենք գործընկերությունն առաջ մղելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմա։ Անհամբեր սպասում եմ Ձեզ Երևանում ողջունելուն՝ ներառյալ Էստոնիայի դեսպանատան բացման ժամանակ»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։
