ԵՄ-ն հաստատեց նոր պատժամիջոցներն Իրանի դեմ

Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները հունվարի 29-ին ընդունել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Պատժամիջոցների մասին ավելի վաղ խոսել էր Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարոն՝ հայտարարելով, որ ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ կսահմանի այդ երկրում բողոքի ցույցերը դաժանաբար ճնշելու պատճառով։

«Մենք այսօր եվրոպական պատժամիջոցներ կսահմանենք Իրանում բռնաճնշումների համար պատասխանատուների՝ կառավարության անդամների, դատախազների, ոստիկանապետերի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամների և ինտերնետի անջատման պատասխանատուների նկատմամբ», – ասել էր նա ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ նիստից առաջ։ Բարոն հայտնել էր, որ ԵՄ-ն կսառեցնի ավելի քան 20 ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվները և կարգելի նրանց մուտքը ԵՄ երկրներ։

Ակնկալվում է, որ նախարարները համաձայնության կգան նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ԵՄ համար ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու հարցում։

Ավելի վաղ այս մասին հայտարարությամբ էր հանդես եկել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Մենք նոր պատժամիջոցներ ենք սահմանում Իրանի նկատմամբ, և ես նաև ակնկալում եմ, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառենք ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Սա նրանց կդասի «Ալ Քաիդա»-ի, «Համաս»-ի, «ԴԱԻՇ»-ի հետ նույն շարքում։ Եթե դուք գործում եք որպես ահաբեկիչ, ձեզ պետք է վերաբերվեն որպես ահաբեկչի։ Ակնհայտ է, թե ինչ ենք տեսնում. Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը և ռեժիմի կողմից ձեռնարկված միջոցները իսկապես ծանր են։ Ահա թե ինչու մենք նաև հստակ ուղերձ ենք հղում, որ եթե դուք ճնշում եք մարդկանց, դա գին ունի, և դուք նաև պատժամիջոցների կենթարկվեք դրա համար», – ասել էր նա։

Տեսանյութեր

Լրահոս