Բաժիններ՝

Ատլանտյան օվկիանոսում ԱՄՆ-ի կողմից կալանված լցանավի անձնակազմի երկու ռուս նավաստի ազատ է արձակվել

Իսլանդիայի և Ֆարերյան կղզիների շրջանում Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարության ուժերի կողմից հունվարի 7-ին կալանված ռուսական «Մարիներա» անունը կրող լցանավի անձնակազմից երկու ռուս նավաստիներ ազատ են արձակվել և ուղևորվում են Ռուսաստան։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը։

«Երկու ռուս նավաստիներ ազատ են արձակվել և վերադառնում են Ռուսաստան», – ասել է նա։

Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարությունը հունվարի 7-ին հայտարարել էր Իսլանդիայի և Ֆարերյան կղզիների շրջանում ռուսական «Մարիներա» անունը կրող լցանավը կալանելու մասին։

Եվրոպական հրամանատարությունը նշել էր, որ լցանավի կալանումը տեղի է ունեցել ԱՄՆ պատժամիջոցները խախտելու համար։

Այս գործողությունը մեկնաբանել էր նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ նշելով, որ պատժամիջոցների տակ գտնվող վենեսուելական նավթի կալանքը շարունակում է ուժի մեջ մնալ ամբողջ աշխարհում։

Բացի այս, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը կարող է «Մարիներ» նավի անձնակազմին բերել Միացյալ Նահանգներ՝ դաշնային օրենքների հնարավոր խախտումների համար դատավարության համար: Սպիտակ տունը պնդել էր, որ «Մարիներան» Վենեսուելայի այսպես կոչված ստվերային նավատորմի մաս է կազմում և անօրինական կերպով նավթ է տեղափոխել՝ խախտելով ԱՄՆ պատժամիջոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս