ԱՄԷ-ն դեմ է Իրանին հարվածելու համար իր տարածքն օգտագործելուն
Արաբական Միացյալ Էմիրությունները թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանին հարվածելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել երկրի Արտաքին գործերի նախարարությունը։
«Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է Արաբական Միացյալ Էմիրությունների հանձնառությունը ՝ թույլ չտալ իր օդային, ցամաքային տարածքի կամ ջրերի օգտագործումը Իրանի դեմ ցանկացած թշնամական ռազմական գործողություններում և հրաժարվում է այդ կապակցությամբ որևէ նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելուց»,- ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունը վերահաստատել է նաև այն համոզմունքը, որ երկխոսությունը, դեէսկալացիան, միջազգային իրավունքի նորմերի պահպանումը և պետական ինքնիշխանության հարգումը ընթացիկ ճգնաժամերի կարգավորման ամենաարդյունավետ հիմքերն են ՝ ընդգծելով վեճերը դիվանագիտական ճանապարհով լուծելու ԱՄԷ-ի մոտեցումը:
Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր են սկսվել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել են բախումներով և անկարգություններով։ Իրանական պետական հեռուստաընկերությունը, հղում անելով դատաբժշկական կազմակերպությանը, հայտնել է, որ ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է ձեռնարկել շատ խիստ միջոցներ, եթե Իրանի իշխանությունները չդադարեցնեն բռնությունները և սկսեն մահապատժի ենթարկել կառավարության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։
Հունվարի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական «հսկայական նավատորմ» է ուղևորվում Իրանի ուղղությամբ։ Նա, միաժամանակ, հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի ուժ կիրառել։
