Դոնալդ Թրամփը Կանադային սպառնացել է ներմուծման 100 տոկոս մաքսատուրքով Չինաստանի հետ առևտրային գործարքի գնալու դեպքում
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրք սահմանել կանադական ապրանքների ներմուծման վրա, եթե Կանադան առևտրային գործարք կնքի Չինաստանի հետ։
ԱՄՆ նախագահն այդ մասին գրել է Truth Social հարթակի իր էջում։
«Եթե Կանադան Չինաստըանի հետ գործարքի գնա, ԱՄՆ մտնող կանադական բոլոր ապրանքների վրա 100 տոկոս մաքսատուրք կսահմանվի անմիջապես»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Անդրադառնալով Դոնալդ Թրամփի այս գրառմանը BBC-ն նշում է, որ պարզ չէ, թե ինչ գործարք նկատի ունի՝ հիշեցնելով, որ անցած շաբաթ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել էր Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին և համաձայնել էր նվազեցնել մաքսատուրքերը։
Թրամփն այդ ժամանակ դրական էր արձագանքել Քարնիի այդ հայտարարությանը՝ նշելով, որ «դա լավ աշխատանք է»։
Միևնույն ժամանակ, BBC-ն գրում է, որ Միացյալ Նահանգների ու Կանադայի միջև լարվածությունն աճել է վերջին օրերին, հատկապես այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ իր ելույթում հայտարարել էր, որ ԱՄՆ-ի գլխավորած աշխարհակարգը կործանվել է։
Քարնին նաև այլ «միջին պետություններին» կոչ էր արել միավորվել ընդդեմ «ավելի մեծ պետությունների կողմից տնտեսական ճնշումների, սակայն Թրամփի անունը չէր նշել։
Հաջորդ օրը Դավոսում Դոնալդ Թրամփը պատասխանել էր Քարնիի հայտարարություններին՝ նշելով, որ «Կանադան ապրում է Միացյալ Նահանգների շնորհիվ։ Թրամփը նաև հայտարարել էր, որ հետ է կանչում իր նախաձեռնած Խաղաղության խորհրդին միանալու՝ Կանադային ուղարկված հրավերը։
