Բաժիններ՝

Գրենլանդիայի շուրջ բանակցություններում պետք է հաշվի առնվի մեր տարածքային ամբողջականությունը. Դանիայի վարչապետ

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Դանիան և Գրենլանդիան բաց են Արկտիկայի անվտանգության վերաբերյալ կառուցողական երկխոսության համար, եթե քննարկումները հարգեն իր երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ֆրեդերիկսենը նշել է, որ Դանիայի դիրքորոշումը ամբողջությամբ հստակ է ՆԱՏՕ-ի համար, և որ իրեն տեղեկացրել են, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի բանակցությունները չեն վերաբերել իր երկրի ինքնիշխանությանը։

«Արկտիկայում անվտանգությունը ամբողջ ՆԱՏՕ-ի դաշինքի գործն է։ Հետևաբար, լավ և բնական է, որ այն քննարկվում է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Միացյալ Նահանգների նախագահի միջև։

Դանիայի Թագավորությունը ցանկանում է շարունակել կառուցողական երկխոսությունը դաշնակիցների հետ այն մասին, թե ինչպես կարող ենք ամրապնդել Արկտիկայում անվտանգությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների «Ոսկե գմբեթի» համատեքստում, եթե, իհարկե, դա արվի՝ հաշվի առնելով մեր տարածքային ամբողջականությունը», – ասել է Ֆրեդերիկսենը։

Իսկ Դանիայի խորհրդարանի գրենլանդացի անդամ Աայա Քեմնիցն ասել է, որ ոչինչ չի կարող որոշվել առանց Գրենլանդիայի մասնակցության։

«ՆԱՏՕ-ն ոչ մի կերպ չունի միակ մանդատ՝ բանակցելու որևէ հարցի շուրջ՝ առանց մեզ՝ Գրենլանդիայի», – ասել է նա։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման արդյունքներով ձևավորվել է Գրենլանդիայի ու, ըստ էության, ամբողջ Արկտիկական շրջանի հետ կապված ապագա գործարքի շրջանակը։

«Այս լուծումը, եթե այն իրագործվի, հիանալի կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար։ Այս փոխըմբռնման հիման վրա ես չեմ կիրառի այն մաքսատուրքերը, որոնք նախատեսվում էր ուժի մեջ մտցնել փետրվարի 1-ից»,- հայտնել է Թրամփը։ Խոսքը ավելի վաղ հայտարարված 10% ներմուծման մաքսատուրքի մասին է, որը պետք է գանձվեր Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Դանիայից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից և Շվեդիայից։ Մաքսատուրքն ուժի մեջ էր մնալու այնքան ժամանակ, քանի դեռ չկար գործարք ԱՄՆ կողմից Գրենլանդիայի ամբողջական գնման վերաբերյալ։ Իսկ հունիսի 1-ին ակնկալվում էր բարձրացնել մաքսատուրքերը մինչև 25 տոկոս։

Թրամփը հայտնել է, որ իրենք եվրոպացի գործընկերների հետ կաշխատեն «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանական համակարգերի ստեղծման շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031