Բաժիններ՝

Իսրայելական հարվածներից Գազայում լրագրողներ են զոհվել

Գազայի հատվածի Նեթսարիմ, Դեյր ալ-Բալահ և ալ-Բուրեյջ ճամբարների վրա Իսրայելի կողմից արձակված կրակոցների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 11 պաղեստինցի, որոնց թվում՝ 3 լրագրող։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Պաղեստինցի երեք լրագրողները զոհվել են նկարահանման նպատակով մեքենայով Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Նեթսարիմ շրջանի տեղահանվածների ճամբար մեկնելիս։

Պաղեստինի լրագրողների միությունը հայտարարության մեջ նշել է, որ զոհված լրագրողները «կատարում էին մարդասիրական, լրագրողական առաքելություն՝ նկարահանելու և փաստագրելու քաղաքացիական բնակչության տառապանքները»։

Գազայում Եգիպտոսի օգնության գործողությունները վերահսկող կոմիտեի խոսնակ Մուհամմադ Մանսուրը հայտարարել է, որ Իսրայելի կողմից թիրախավորված երեք լրագրողները մարդասիրական առաքելություն էին իրականացնում Նեթսարիմում, որը գտնվում է իսրայելական ռազմական դիրքերից մոտավորապես վեց կիլոմետր հեռավորության վրա։ Նա մեղադրել է իսրայելական կողմին նրանց դիտավորյալ թիրախավորելու մեջ։

Իսրայելի «12-րդ ալիքի» հաղորդմամբ՝ Կահիրեն դեպքի առնչությամբ բացատրություններ է պահանջել Թել Ավիվից։

Իսրայելի բանակից հայտնել են, թե այդ տղամարդիկ ՀԱՄԱՍ-ի անդամներ են եղել և օգտագործել են անօդաչու թռչող սարք, որը մոտեցել է իրենց ուժերին։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերին Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր սպանվել է գրեթե 220 լրագրող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս