Բաժիններ՝

Արքայազն Հարին վկայություն է տվել Daily Mail-ի դեմ դատավարության շրջանակում

Արքայազն Հարին արցունքն աչքերին է ցուցմունք տվել Լոնդոնի Բարձրագույն դատարանում, որտեղ իր անձնական կյանքի անձեռնմխելիության հայցով դատավարությունը է ընթանում «Daily Mail»-ի հրատարակչի՝ «Associated Newspapers»-ի դեմ։ Իր խոսքում նա նշել է, որ տարիների ընթացքում բրիտնական «Daily Mail» պարբերականը կնոջ՝ Մեգան Մարքըլի կյանքը «բացարձակ տառապանքի» է վերածել։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Սասեքսի 41-ամյա դուքսը վեց այլ հայցվորների, այդ թվում և երգիչ Էլթոն Ջոնի հետ դատի են տվել «Associated Newspapers»-ին՝ 1990-ականների սկզբից մինչև 2010-ական թվականներն ընկած ժամանակահատվածում իրենց կյանքի գաղտնիության ենթադրյալ խախտումների մեղադրանքով։

«Associated Newspapers»-ը, որին, ի թիվս այլ պարբերականների, պատկանում են «Daily Mail»-ը և «the Mail on Sunday»-ը, մերժել է բոլոր մեղադրանքները՝ անվանելով դրանք «անհեթեթ զրպարտություններ» ու նշելով, թե իր լրագրողները հիմնվել են օրինական աղբյուրների, այդ թվում՝ հայտնիների ընկերների և ծանոթների վրա։

Հարին, ով 2023 թվականին դարձավ 130 տարվա ընթացքում թագավորական ընտանիքի առաջին անդամը, որը դատարանում ցուցմունք տվեց մամուլի դեմ մեկ այլ դատական ​​​​գործի շրջանակում, հուզվել է «Associated Newspapers»-ի փաստաբանի հարցաքննության ժամանակ։

«Կարծում եմ՝ սխալ է մեզ բոլորիս կրկին այս ամենի միջով անցկացնելը, երբ մեր միակ ցանկությունը ներողություն լսելն ու ինչ-որ չափով կատարվածի համար դիմացինի կողմից պատասխանատվություն ստանձնելն է», -նշել է արքայազն Հարին։ Նա ընդգծել է, որ այն, ինչի միջով անցել ու շարունկում են անցնել, պարզապես սարսափելի փորձառություն է։ «Նրանք իմ կնոջ կյանքը բացարձակ տառապանքի են վերածել»,- ասել է նա։

Արքայազն Հարիի գործը կենտրոնացած է 14 հոդվածի վրա, որոնք, ըստ նրա իրավաբանական թիմի, տեղեկատվության անօրինական հավաքագրման հետևանք են, այդ թվում՝ ձայնային հաղորդագրությունները կոտրելու, հեռախոսների գաղտնալսման և խաբեությամբ անձնական տեղեկատվություն ստանալու միջոցով։

Իր վկայության մեջ Հարին ընդգծել է, որ «եթե ամենաազդեցիկ թերթի ընկերությունը կարողանա հաջողությամբ խուսափել արդարադատությունից, ապա իմ կարծիքով ամբողջ երկիրը դատապարտված է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս