Բաժիններ՝

Թրամփը կարծում է, որ ՄԱԿ-ին «հարկավոր է թույլ տալ» աշխատել՝ չնայած Խաղաղության խորհրդի ստեղծմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հարկավոր է թույլ տալ», որ ՄԱԿ-ը շարունակի աշխատել, երբ նրան հարցրել են Խաղաղության խորհրդի հետ կապված իր ծրագրերի մասին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ տարբեր երկրների ղեկավարներ զգուշավորությամբ են մոտեցել Թրամփի հրավերին՝ միանալու Գազայի հատվածում իրադրության կարգավորման նպատակով ստեղծված Խաղաղության խորհրդին, որն, ըստ ԱՄՆ նախագահի, նպատակ ունի լուծել հակամարտություններ ամբողջ աշխարհում։ Ըստ դիվանագետների՝ սա կարող է խաթարել ՄԱԿ-ի աշխատանքը։

Թրամփին հարց են ուղղել՝ արդյոք նա ցանկանում է, որ «Խաղաղության խորհուրդը փոխարինի ՄԱԿ-ին»։

«Հնարավոր է։ ՄԱԿ-ը շատ օգտակար չի եղել։ Ես ՄԱԿ-ի ներուժի մեծ երկրպագու եմ, բայց այն երբեք չի օգտագործել իր ներուժը։ Կարծում եմ՝ հարկավոր է թույլ տալ, որ ՄԱԿ-ը շարունակի, քանի որ դրա ներուժը շատ մեծ է», – պատասխանել է Թրամփը։

2025 թ. նոյեմբերի կեսերին ՄԱԿ-ը բանաձև էր ընդունել, որով լիազորել էր ստեղծել Խաղաղության խորհուրդ, որի հետ աշխատող երկրները Գազայի հատվածում միջազգային կայունացնող ուժեր կտեղակայեն։ Գազայի հատվածում խաղաղության Թրամփի առաջարկած ծրագրով խորհուրդը պետք է ժամանակավորապես վերահսկեր Գազայի հատվածի կառավարումը, սակայն ավելի ուշ նա հայտարարեց, որ Խորհրդի գործունեությունը կընդլայնվի, և այն կզբաղվի հակամարտություններով աշխարհի տարբեր ծայրերում։

Թրամփն անորոշ ժամանակով կղեկավարի Խաղաղության խորհուրդը, որը բաղկացած է հետևյալ անդամներից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ, Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշներ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեեր, ամերիկացի գործարար Մարկ Ռոուեն, Համաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգա, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ռոբերտ Գեբրիել։

Խաղաղության խորհրդի կազմ մտնելու հրավեր են ստացել շուրջ 60 երկրի ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետը, Ռուսաստանի, Բելառուսի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի նախագահները, Հնդկաստանի վարչապետը, ԵՄ տարբեր երկրների և կառույցների ղեկավարներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս