Իրանում անկարգությունների հետևանքով վիրավորվել է ավելի քան 3700 մարդ. իրանցի պատգամավոր
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հունվարի 19-ին մամուլի ասուլիսում մանրամասներ է ներկայացրել երկրում ցույցերի հետևանքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Նա նախ ընդգծել է, որ ցանկացած երկրում բողոքի ակցիաներ կազմակերպելը մարդու անխախտ իրավունքներից է։ «Իհարկե, բողոքն ու քննադատությունը ժողովրդի իրավունքն են։ Հնարավոր է, որ տնտեսական հարցերից բացի, քննադատության ենթարկվեն էլիտաները, և ինչպես [Իսլամական] հեղափոխության առաջնորդը բազմիցս ընդգծել է, հարցեր տալը իրավունք է, իսկ պատասխան տալը՝ պարտականություն»,- նշել է նա։
Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ մի քանի օր շարունակ տեղի ունեցած միջադեպերի հետևանքով մեծ թվով վիրավորներ ու զոհեր կան՝ հրաժարվելով, սակայն, զոհերի վերջնական թիվ ասել։ Վիրավորների թիվն ավելի քան 3700 է։
Նա նշել է, որ գործողությունների ընթացքում վնասվել է իրավապահ մարմիններին պատկանող ավելի քան 2221 մեքենա և սարքավորում:
Նա հավելել է, որ անկարգությունների ժամանակ վնասվել է ավելի քան 250 դպրոց, ինչպես նաև վնասվել է 300 մզկիթ և 90 հոգևոր դպրոց:
Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր էին տեղի ունեցել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել էին բախումներով և անկարգություններով։
