Այո, Նիկոլը Ձեր տղեն ա, մի՛ լռեք, մարդկանց կյանքն է այստեղ դրված.Զոհրաբյանը՝ միջազգային կառույցներին

11-րդ օրն է, ինչ Նարեկ Սամսոնյանը գտնվում է հացադուլի մեջ, և ՄԻՊ տիկինը՝ ո՛չ անձամբ, ո՛չ էլ արագ արձագանքման որևէ խումբ, չի այցելել ՔԿՀ և բացարձակապես որևէ տեղեկատվություն չունի Նարեկի առողջական վիճակի մասին. ՄԻՊ գրասենյակի մոտ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակով պայմանավորված ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

Նա հիշեցրեց, որ դեռևս 2019 թվականի հունվարյան այս օրերին, 44-օրյա հացադուլից հետո մահացավ խմբագիր Մհեր Եղիազարյանը։ 2022 թվականի հուլիսի 15-ին, իր աչքի առջև մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

«Նա ուներ առողջական խնդիրներ, որոնց մասին ՔԿՀ ղեկավարությունը տեղյակ էր։ Երեկ հրատապ Նարեկին հոսպիտալացրել են Էջմիածնի բժշկական կենտրոն, քանի որ նա ունի սրտի հետ կապված խնդիրներ։ Այդ խնդիրներն անհամատեղելի են պատժի հետ»,– ասաց նա։

Զոհրաբյանը նշեց, որ լուռ են նաև ԵՄ կառույցները․ «Այն, որ այս պայմաններում եվրոպական կառույցները, որոնց ժամանակին Նիկոլը անվանում էր «եվրոյոնջաներ», լռելու են և շարունակելու են լռել, ինձ համար հասկանալի է, որովհետև նրանք ունեն հստակ կանոն։ Նիկոլ Փաշինյանն իրենց համար իդեալական գործիք է, որով նրանք իրենց քաղաքական շահերն են առաջ մղում մեր տարածաշրջանում՝ ՌԴ-ի դեմ։

Բայց ՄԻՊ-ը, որի ղեկավարը կին է, որը երգում է, հուզվում է Աննա Հակոբյանի կազմակերպած կրթական ծրագրերին, էմոցիոնալ հայտարարություններ է անում, սակայն չի կատարում իր անմիջական պարտականությունը, որովհետև նրան թույլատրված չէ այցելել մեդիագործչին և կատարել իր իսկ ստանձնած պարտավորությունը»,– ասաց նա։

Զոհրաբյանը նաև նշեց, որ դիմել է ԵՄ խորհրդի մոնիթորինգի հանձնաժողովին, ԵԽԽՎ-ում ՀՀ հարցով համազեկուցողին։

«Նախկինում, եթե նման բան լիներ, Սվիտալսկին այստեղ պառկած կլիներ։ Դիմել եմ նաև ԵԽ բոլոր քաղաքական հանձնաժողովներին։ Տեսնում են, արձանագրում են, և շնորհակալություն, թեև փակ հանդիպումներում ասում են, որ տեսնում են, թե ինչ է կատարվում, բայց չեն կարող խոսել, որովհետև աշխարհաքաղաքական խնդիրներ կան»,– ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս