Եթե աշխարհի հեղինակավոր ԲՈՒՀ-երում սովորող ՀՀ քաղաքացիները գան, 3 տարի աշխատեն, կազատվեն բանակից. Անդրեասյան

Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած ուսանողները, եթե ավարտելուց հետո վերադառնան ու առնվազն 3 տարի աշխատեն ՀՀ կառավարության կողմից սահմանված ոլորտում, կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից. Այս մաին ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

«Մեր այն քաղաքացիները, որոնք իրենց սեփական միջոցներով, հաղթահարելով համապատասխան խոչընդոտները, արդեն իսկ ուսումնառության հնարավորություն են ստացել աշխարհի ամենահեղինակավոր բուհերում, ունենան բավարար մոտիվացիոն գործիքակազմ վերադառնալու և իրենց գիտելիքներն ու հմտություններն ի նպաստ երկրին ծառայեցնելու»,- ասաց ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ արդեն իսկ ուսումնառությունն ավարտած 57 երիտասարդների շրջանում կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերադարձից հետո նրանցից ընդամենը 1-ն է ծառայել բանակում, 4-ը զբաղվում են գիտահետազոտական աշխատանքով, 12-ը հետախուզման մեջ են, 40 քաղաքացի որևէ այլ հիմքով չի ծառայել։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն իր մտահոգությունները հայտնեց այս նախագծի հետ կապված՝ ասելով, որ 2019 թվականից խոսվում է այն մասին, որ բանակում ծառայում են սոցիալապես անապահովները կամ չեն ծառայում նրանք, ովքեր գումար ունեն։

Նրա խոսքով՝ եթե ՀՀ բուհերում սովորողների շրջանում 57 տոկոսն աղջիկներն են, ապա, իր տեղեկություններով՝ 2004-2023թթ․ օտարերկրյա բուհեր գործուղվել են 2265 տղա, 1191 աղջիկ։

«Սրանից ևս կարող ենք եզրահանգել, որ նրանք հիմնականում գնում են բանակից ազատվելու համար»,- ասաց պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս